Վահե Գրիգորյան․ Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը
Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը:
«Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը չի չեղարկել Անկախության հռչակագիրը, ավելին՝ վերջինս չի կարող չեղարկել այն, քանի որ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտը կարող է ուժը կորցրած, անվավեր ճանաչվել կամ չեղարկվել բացառապես այն մարմնի կողմից, որն ընդունել է այն, կա՛մ նրա իրավահաջորդի, կա՛մ վերադաս մարմնի կողմից: Քանի որ Անկախության հռչակագիրը ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից, իսկ վերջինիս իրավահաջորդը հանդիսանում է Ազգային ժողովը, և ԱԺ-ն նման որոշում չի կայացրել, ապա ակնհայտ է, որ չի կարող քննարկվել Անկախության հռչակագրի չեղարկման հարցը»,- նշել է Գրիգորյանը:
Սահմանադրագետն ընդգծում է՝ Սահմանադրությունը հերթական անգամ մեկնաբանվել է տվյալ պահին գործող իշխանության քիմքին հարիր:
«Ինչ վերաբերում է անվավեր ճանաչելուն, նույնպես չունենք նման իրավիճակ, քանի որ Սահմանադրական դատարանի քննության առարկան չի հանդիսացել Անկախության հռչակագրի սահմանադրականության հարցի պարզումը, ավելին, այն համակարգային առումով փոխկապակցված չի եղել այն միջազգային պայմանագրին, որի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը որոշել է: Ուղղակի բացասական դարձած ավանդույթի համաձայն՝ Սահմանադրությունը հերթական անգամ մեկնաբանվել է տվյալ պահին գործող իշխանության քիմքին հարիր»,- եզրափակել է Գրիգորյանը: