Արտյոմ Չերնամորյան․ Իսրայելի հայ համայնքում զոհեր ու վիրավորներ չկան

Իսրայելի հայ համայնքում զոհեր ու վիրավորներ Իրանի հրթիռակոծության արդյունքում չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Նրա տեղեկություններով` իսրայելական քաղաքներից մեկում հրթիռը հարվածել է դպրոցի վրա, բայց զոհեր չկան, իսկ ամբողջ Իսրայելում այսօր հրթիռակոծության արդյունքում կա միայն մեկ զոհ։

«Հրթիռակոծությունից 10 րոպե առաջ մենք բոլորս թիկունքի ծառայությունից ստացանք հաղորդագրություններ։ Գրված էր, որ 10 րոպե ժամանակ ունենք ապահով տեղ տեղափոխվելու համար։ Շատ արագ մարդիկ ռմբապաստարաններ տեղափոխվեցին ու մնացին այնտեղ մի քանի ժամ, էս մի կես ժամ է` հանգստացել է ամեն ինչ, տուն ենք բարձրացել ապաստարաններից»,– ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Նա վստահեցրեց, որ հրթիռակոծության ընթացքում անգամ խուճապ մարդկանց շրջանում չի եղել` բոլորը պատրաստված են եղել, արդեն սովոր են` ինչ և ինչպես պետք է անել։

«Միակ տարբերությունն անցած անգամների համեմատ այն էր, որ ինտենսիվությունը շատ–շատ մեծ էր։ Ամեն 4 – 5 րոպեն մեկ միանում էր օդային տագնապը։ Շատ տհաճ էր ամեն դեպքում»,– ասաց նա։

Նա նաև հավելեց, որ ռմբապաստարաններում էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ինտերնետի, սննդի ու ջրի խնդիր չկա։ Այնպես որ պետք եղած դեպքում նրանք կրող են անգամ գիշերել այնտեղ։

Հայտնել էինք, որ Իսրայելի հրթիռակոծությունից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնում է, որ հրթիռների 80%–ը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ–ները գրում են, որ հրթիռները Իսրայելի Աշկելոն քաղաքի շրջանում խոցել են գազի հարթակներն ու հարվածել Իսրայելի Նևաթիմ ավիաբազային։

Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ–ին հայտնել է, որ հրթիռային գրոհը հետևանքներ է ունենալու։ ԻՀՊԿ–ն այդ դեպքում ավերիչ պատասխան է խոստացել։