Ադրբեջանը չի համագործակցում անհայտ կորածների հարցում. ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի հայտարարություններին
Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ հավելյալ ջանքեր գործադրելու բոլոր մարդասիրական խնդիրների, այդ թվում` անհայտ կորածների ճակատագրերի հասցեագրման ուղղությամբ, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Բաքվի վերջին հայտարարությունները։
Պատասխանելով Ադրբեջանի նախագահի և գլխավոր դատախազի կողմից՝ հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու հայտարարությունների մասին Radar Armenia կայքի հարցին, Բադալյանը նշել է, որ Հայաստանը մշտապես շահագրգռված էր հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով։ Նա ընդգծել է, որ 90-ականներից մինչ օրս հայկական կողմն ունի 1008 անհայտ կորած։
«Հաշվի առնելով խնդրի մարդասիրական կողմը՝ հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցել խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին, այդ թվում ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նրա խոսքով՝ անհայտ կորածների խնդրի շուրջ համագործակցելու Հայաստանի պատրաստակամության մասին է վկայում այն փաստը, որ հայկական կողմը համաձայնություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների ձևաչափով 2024 թվականի մայիսին նախատեսված հանդիպման առաջարկին։ Բադալյանը շեշտել է, որ այդ հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի մերժման պատճառով։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով բազմաթիվ մարդիկ ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Կան բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ տեսանյութեր և ձայնագրություններ, որոնք հաստատում են այդ մարդկանց գերեվարումը։ «Չնայած այս ակնհայտ ապացույցներին, Ադրբեջանը շարունակում է հերքել այդ անձանց գերեվարման փաստը և չի համագործակցում ոչ միայն Հայաստանի, այլ նաև մարդու իրավունքների միջազգային կառույցների հետ»,- հավելել է նա։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։