Աֆեյան․ Ռուբենը պարզապես միջնորդ է դարձել

Ես Ռուբեն Վարդանյանին շատ լավ ճանաչում եմ, մոտ 25 տարի. Կարող եմ ասել, թե ով էր Ռուբեն Վարդանյանը. Տեղեկությունները, որ ունեմ իր ընտանիքից են, քանի որ Բաքուն արտոնել է որո չափով կարճ խոսակցություններ հեռախոսով, որտեղ նա սահմանափակ ձևով բացատրել է իրավիճակը և մտահոգությունները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Մատենադարանում «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Մենք անշուշտ բավական ջանք ենք գործադրում, որ օգնենք ազատ արձակելու գործում: Իրավաբանների հետ, զանազան այլ միջազգային ընկերությունների հետ աշխատում ենք, որ դա հաջողվի:

Աշխարհը ընդհանրապես շեղված վիճակում է և ցինիկ է դարձել: Իրենք մի ոկղմից ասում են՝ արդարությունը կարևոր է, մյուս կողմից ասում են՝ լավ, եթե կարող ենք խաղաղություն ստեղծել, արդարությունը ոչինչ: Իրականում անհնար է խաղաղություն ունենալ, որը հիմնված է անարդարության վրա, այդպիսի խաղաղություն աշխարհում չի եղել:

Իմ կարծիքով շատ պարզ է և նույնիսկ եվրոպացիներն ու ամերիկացիները լավ գիտեն և մեզ կուլիսներում ասում են, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի:

Ես հուսով եմ, որ կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել այստեղ, բայց նաև վստահ եմ, որ կառավարությունը, ինչպես ինձ ասել են մի քանի անգամ, թեև իրենց ասածներին, աշխատում են, որ մեր բանտարկյալները ազատվեն, այդ նյութը բերում են տարբեր հանդիպումներում:

Հրաշքի կարիք ունենք, որ դա կատարվի և մեր բանտարկյալներն ազատվեն: Մեր պատմության մեջ հրաշքներ եղել են: Դժբախտաբար, անընդհատ հրաշքի վրա ենք հույս դնում: Ինձ հմար այդ հրաշքը հավատք է, որ աներևակայելին դարձնես իրական»,-ասաց նա:

Անդրադառնլով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, Աֆեյանն ասաց. «Չեմ կարծում՝ դա մեղադրանք է, այլ կասկած է, և այդ կասկածի գործերը կարծես այլ՝ հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ Ռուբենին: Ռուբենը պարզապես միջնորդ է դարձել այդ նյութին: Ճիշտ է, որ մարդիկ պետք է կասկածեն, թե ինչ է տարբեր ազգերի նպատակները: Ես կարող եմ ասել, որ ռուբենը՝ իմանալով, որ իրեն վտանգի տակ է դնում, Արցախ գնաց, որ այդ ժողովրդին օգնի:

Ես տեսել եմ Ռուբենի միտքը, ազգասիրությունը, ինձ համար աներևակայելի է կասկածել իր նպատակների վրա: Բյց եթե ուզում ենք այդ միջոցով ուղղել մեր կասկածները այլ երկրների, այլ ագենտների դեմ, դա հասկանալի է քաղաքականության մեջ: Եթե փաստեր կան, որ այլ ձևով են գնում, պատրաստ եմ ես էլ հասկանալու: Դա քաղաքական հռետորաբանություն է»,- հայտարարեց Աֆեյանը:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում, անդրադառնալով ռուբեն Վարդանյանին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Շատ կարևոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետև ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:

News.am