ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Իսրայելում անցանկալի անձ են հայտարարել և արգելել են նրա մուտքը

Իսրայելի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձէ հայտարարել և արգելել է նրա մուտքը երկիր: Այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախօրեին Անտոնիո Գուտերեշը Իսրայելի դեմ Իրանի հարձակման ֆոնին հանդես է եկել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման դատապարտմամբ և հրադադարի կոչ է արել:

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Կացն այսօր հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսրայելում՝ արգելելով նրա մուտքը երկիր: Այս որոշումը կայացվել է հաշվի առնելով Գուտերեշի արձագանքը Իսրայելի վրա Իրանի նողկալի հարձակմանը, երբ նա․․․ միանշանակ չի դատապարտել այդ լուրջ ագրեսիան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի Աշկելոն շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նևաթիմ ավիաբազային:

Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնել է, որ «հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա»: ԻՀՊԿ-ն իր հերթին կործանարար պատասխան է խոստացել։

Sputnik Արմենիա