Ալիևը, որպես «վստահության միջոց», պահանջում է ՀՀ իշխանություններից դատի տալ Ազգային հերոսներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, լիովին լկտիանալով արդեն իսկ ձեռք բերված հաջողություններից, պահանջում է Հայաստանի իշխանություններից, որպես «վստահության միջոց», քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին։

Հիշեցնենք, որ 90-ականների սկզբին Ադրբեջանը արյունալի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Երկու տարի տևած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարողացավ Ադրբեջանին զինադադար պարտադրել, որը 2016 թվականի քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընդհատումներով տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերը և ավարտվեց Ադրբեջանի հերթական ագրեսիայով՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական բռնազավթմամբ և ավելի քան 140 հազար հայ բնակչության արտաքսմամբ։

Այժմ, թաքնվելով «հանցագործներին պատժելու» հավանական նպատակների հետևում, Ալիևը որպես այդպիսին ակնարկում է ռազմական գործողությունների բոլոր մասնակիցներին, առաջին հերթին նրանց, որոնք հսկայական ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ազատագրման և զարգացման գործում: Միաժամանակ, Ադրբեջանում ոչ մի ռազմական հանցագործ չի պատժվել՝ չնայած անհերքելի և հաճախ հրապարակային փաստերին։ Ընդհակառակը, Ալիևն անձամբ է պարգևատրել հանցագործներին և հայի գլուխ կտրողներին:

Բաքվում ընթացող «Անհայտ կորածների հիմնախնդրի լուծում. ընտանիքների ճշմարտությունը հաստատելու իրավունքի պաշտպանություն» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը հայ ժողովրդի հերոսներին անվանել է «ռազմական հանցագործներ» և պահանջել է նրանց «պատասխանատվության ենթարկվել»:

«Թեև ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարած որոշ անձինք այսօր ներկայացվում են Ադրբեջանի արդարադատության առաջ, Հայաստանում դեռևս ոչ մի մարդ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը, նրանց հերոսացրել են»,- ասել է Ալիևը։ «Որոշ անձինք» ասելով հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին, որոնք գերի են ընկել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ։ Դրանք են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը։

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա նա պետք է խստորեն դատապարտի գերի և պատանդ ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է դառնալ նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- ​​ասել է Ալիևը։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոփոխել Սահմանադրությունը և հեռացնել անկախության հռչակագրին հղումը, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ինքը չի պատրաստվում փոխել սեփական օրենսդրությունը՝ լինելով Ադրբեջանի առաջին Հանրապետության իրավահաջորդը և փաստացի համարելով Հայաստանի ԱՄԲՈՂՋ տարածքը որպես «սեփական»։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ելույթ ունենալով ՄԱԿ-ում հնարավոր համարեց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները «Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար»։

News.am