Փաշինյան․ 13 կետերը չենք հրապարակում, որովհետև դիվանագիտական կոռեկտության հարց կա
«Խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 հոդվածների հրապարակումն այն կողմին, որը չի ուզում ստորագրել պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական բոլոր նորմերը, և հետևաբար... և այլն»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված 13 հոդվածները չեն ներկայացվում հանրությանը, և պարզում, արդո՞ք հասարակությունը համաձայն է այդ պայմաններով փաստաթղթի ստորագրմանը։
«Խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որը մենք առաջարկել ենք, հասարակության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, որովհետև այդ կետերին ես տարբեր առիթներով անդրադարձել եմ։ Այստեղ գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտական կոռեկտության հարց կա. ես չեմ կարող պահել այդ թուղթն ու ասել՝ 1-ին կետում սա է գրված, 2-րդ կետում սա է գրված, 3-րդ կետում սա է գրված։ Այդ փաստաթուղթը երկրորդ շահառու էլ ունի, և միակողմանի հայտարարություննե անելը կոռեկտ չէ»,–հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ իր վերջին ասուլիսում, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթում ամեն ինչը, ըստ էության, հրապարակել է. այդտեղ խոսքը գնում է դիվանագիտական հարաբերությունների մասին, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի մասին, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին։
Արթուր Խաչատրյանի հարցին, թե ի՞նչ կոռեկտության մասին է խոսքը գնում, եթե Ալիևը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կոռեկտ չէ, վարչապետը պատասխանեց.
«Որ դուք ասում եք, որ մեր նկատմամբ ոչ կոռեկտ են, դա նպատակ ունի մեզ հավասարակշռությունից հանել, մեր գործողությունները դնել իրենց տրամաբանության և նպատակադրումների ռելսերի վրա»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
News.am