Զախարովա․ Ցավում ենք, որ Հայաստանը սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ շրջանակում

Ցավում ենք Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակում իր գործունեության շարունակական սառեցման կամ բոյկոտի համար։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրագրողի այն հարցը, թե ինչու է Հայաստանը «տարբեր կերպ» վերաբերվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

«Ողջունում ենք Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին... Ցավում ենք Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակներում իր գործունեության շարունակական սառեցման կամ բոյկոտի համար։

Պետությունն ինքը պետք է որոշի՝ ինչն է իր համար կարևոր, ինչի կարիք ունի, պարզապես մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում նույնքան օգտակար է, որքան ԵԱՏՄ-ն՝ տնտեսական ոլորտում, և Հայաստանի հետ այս երկու կառույցների շրջանակում փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կրկնել է, որ դա տվյալ երկրի, ինչպես ցանկացած ինքնիշխան պետության ազգային քաղաքականության հարցն է:

News.am