Թուրքիայի հետ կոռուպցիայի մեջ մեղադրվող Նյու Յորքի քաղաքապետին ավելի շատ մեղադրանքներ են առաջադրվել
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը, որն անցյալ շաբաթ իրեն մեղավոր չճանաչեց խարդախության և կաշառակերության սկանդալում, չորեքշաբթի վերադարձել է դատարան, իսկ դատախազությունը զգուշացրել է, որ նրա և ենթադրյալ հանցակիցների դեմ նոր մեղադրանքներ են քննարկում, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը:
64-ամյա Ադամսը, որը դարձել է Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքի առաջին գործող քաղաքապետը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում, Մանհեթենի դաշնային դատարանի շենքի մոտ լուսանկարիչներին մեծ մատ է ցույց տվել:
Նա մեղադրվում է էլեկտրոնային միջոցների կիրառմամբ խարդախության, քարոզարշավի անօրինական ներդրումների և կաշառակերության դավադրության մեջ, որում ներգրավված են Թուրքիայի քաղաքացիներ և առնվազն մեկ թուրք պաշտոնյա:
Ադամսի ստացած անօրինական նվերների թվում էին միջազգային բիզնես դասի թռիչքները, հյուրանոցային համարները և անվճար սնունդը բարձրակարգ ռեստորաններում:
Դրա դիմաց, ըստ մեղադրական եզրակացության, նա օգտագործել է իր ազդեցությունը քաղաքի հրշեջ ծառայության վրա՝ արագացնելու թույլտվությունները Մանհեթենի բարձրահարկ շենքում թուրքական նոր հյուպատոսության կառուցման համար՝ չնայած անվտանգությանն առնչվող մտահոգություններին: Չորեքշաբթի լսումների ժամանակ դատախազ Հագան Սքոթենը դատավոր Դեյլ Հոյին ասել է, որ ամենայն հավանականությամբ իշխանությունները մեղադրանք կներկայացնեն այլ մեղադրյալների դեմ, և հնարավոր է, որ Ադամսի ննկատմամբ ևս ավելի շատ մեղադրանքներ առաջադրեն:
Ադամսի փաստաբան Ալեքս Սփիրոն հինգ մեղադրանքներից մեկը հանելու համար միջնորդություն է ներկայացրել և կոչ է արել դատավարությունն անցկացնել մինչև մարտ, որպեսզի դատավարությունը հնարավոր լինի ավարտին հասցնել՝մինչև դեմոկրատների առաջին նախնական ընտրությունները հաջորդ քաղաքապետի ընտրությունների համար: Դատավոր Հոն դատավարության հնարավոր ամսաթվի վերաբերյալ իր որոշումը հետաձգել է և դատավարական նիստ է նշանակել հոկտեմբերի 31-ին:
News.am