Կենսաթոշակային ֆոնդերը կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին:

Այս նախագծով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները.

մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները:

Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո այդ մասին տեղեկացնում է մասնակցին բացառապես էլեկտրոնային տարբերակով:

Օրենքի 24-րդ հոդվածի խմբագրությամբ հնարավորություն է տրվում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին կառավարելու այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ կառավարելու համար անհրաժեշտ կլինի Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերը կարող են մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը:

Հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել այդ ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելու պայմանները:

Կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը և(կամ) ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը։

Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը։

News.am