Եվս 300 մլն դրամ աջակցություն` աղետի գոտուն. նախարարությունը վերաբաշխում է արել

Եվս 300 մլն դրամ աջակցություն կտրամադրվի ՀՀ Լոռիի և Տավուշի մարզերի այն տնտեսվարողներին, որոնք տուժել են այս տարվա մայիսին հեղեղումների հետևանքով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Նշենք, որ մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարմանհետևանքով վնասվել են ճանապարհներ, քանդվել կամուրջներ, հեղեղվել բազմաթիվ տներ։ Աղետը 4 մարդու կյանք է խլել։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գույքագրվել են տնտեսվարողների վնասները, նրանց ցանկը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել է ՊԵԿ–ը, իսկ կրած վնասի չափի մասին տեղեկությունը` ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Ըստ ստացված տվյալների` առանձնացվել է կրած վնասի երեք մակարդակ` ցածր, միջին և բարձր, ու ըստ այդ մակարդակների էլ ՀՀ կառավարությունը տարբեր փուլերով տրամադրում է աջակցություն։

Այս անգամ, ինչպես նշեց Պապոյանը, աղետի գոտու տնտեսվարողներին աջակցությունը կտրամադրվի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումից։ Նախարարի խոսքով` աջակցության ծրագրի համար այդ միջոցները կվերցվեն «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի` ՀՀ մասնակցության համար հատկացված գումարներից։

«2025 թ. ապրիլի 13-ից հոկտեմբերի 13–ը անցկացվելիք «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպիչների հետ համապատասխան բանակցություններ են վարվել, համաձայնեցվել է նրանց հետ ֆինանսական այս միջոցների վերաբաշխումը և, արդյունքում, ՀՀ կառավարությունը որևէ տույժ չի կրի։ Այդ 300 մլն դրամը տնտեսվարողների միջև հավասարաչափ կբաշխվի 3–րդ և 4–րդ եռամսյակների միջև»,– ընդգծեց Պապոյանը։

Նախարարն ավելացրեց, որ աջակցության այս ծրագիրը կվերաբերի աղետի գոտու շուրջ 150 շահառու տնտեսվարողի։

Ավելի վաղ ասվել էր, որ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ աջակցություն կստանան։

Sputnik Արմենիա