ՀՀ կենսաչափական անձնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են. հայտնի է հրապարակման օրը
ՀՀ քաղաքացուն նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելու շուրջ միջազգային հեղինակավոր 3 կազմակերպության հետ բանակցություններն ավարտվել են. հոկտեմբերի 10–ին կհրապարակվեն արդյունքները։ Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ այսօր կառավարության որոշմամբ կամփոփվեն պետություն–մասնավոր հատված համագործակցության շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային 2–րդ և վերջին փուլի արդյունքները։
Փոխնախարարը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ 3 հայտատու ունեն, որոնք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ են, նրանցից երկուսը կոնսորցիումի, իսկ մեկը` անհատ կազմակերպության ձևաչափով են։
«Ըստ ընթացակարգի` շուրջ 5 ամիս մենք պետք է բանակցություններ վարեինք նրանց հետ, որպեսզի փոխընդունելի ձևակերպումներ ունենայինք ամբողջ մրցույթի ընթացքում։ Ուրախալի է, որ կարողացել ենք այս բանակցությունները ճիշտ ժամկետներում ամփոփել, որի արդյունքներն էլ այսօր ներկայացվել են հաստատման»,– ընդգծեց նա։
Սարգսյանն ավելացրեց, որ հոկտեմբերի 8–ին գնահատող հանձնաժողովը կհաստատի հայտատուների առաջարկների ամբողջ բնութագիրը և հոկտեմբերի 10–ին արդեն կհանրայնացվի այդ տեղեկությունը։ Դրանից հետո, ըստ նրա` մասնակիցները մինչև 2025 թ. հունվարի 10–ը կկարողանան ներկայացնել հայտերը։
«Հունվարի 11–ից սկսած մենք սկսելու ենք բուն գնահատման գործընթացը հենց գնահատող հանձնաժողովի կողմից և 80 օր ունենք` ամփոփելու ամբողջ տվյալները։ Հայտերն ամփոփելիս մենք գնահատելու ենք երկու գործոն` որակ և գին, սակայն առաջնահերթությունը տալու ենք որակին»,– վստահեցրեց Սարգսյանը։
Արդյունքում, նրա խոսքով` 2025 թվականի մարտի վերջին արդեն կունենանք հաղթած ընկերություն, որին կտրվի ժամանակ, որպեսզի ներդնի ենթակառուցվածք և սկսի անձնագրերի արտադրությունը։
Հիշեցնենք, որ առաջին փուլը հաղթահարած ու որակավորում ստացած երեք ընկերություններից (որոնցից երկուսը գերմանական է, մեկը` ֆրանսիական) պետք է ընտրվի մեկը։
2025թ–ի մարտին նախատեսվում է, որ արդեն կլինի հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը։ Այնուհետև հաղթած ընկերությունը մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, ինչ նախատեսված է պայմանագրով և ըստ այդմ` 10 տարի ժամկետով կկարողանա քաղաքացիներին մատուցել ծառայություններ։
Sputnik Արմենիա