Գալստյան․ ԵԱՀԿ-ն պետք է պահանջի ԼՂ հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովում
Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում՝ նշելով.
«Հարգելի՛ գործընկերներ,
Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ արդյո՞ք բավարար են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում ծավալվող աղետը: Արդյո՞ք մենք բավարարված ենք մեր կազմակերպության հեղինակությամբ:
Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի կողմից ցեղասպանական հանցագործություն է իրականացվել: Միջազգային դատարանի որոշումների բացահայտ ոտնահարումով իննամսյա դաժան շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար և հյուծված հայ բնակչության դեմ՝ ստիպելով ավելի քան 120.000 հայ ազգաբնակչությանը հեռանալ հազարամյակների հայրենի հողից:
Օրը ցերեկով Լեռնային Ղարաբաղի բնիկ ազգաբնակչությունն էթնիկական զտման ենթարկվեց: Շատ միջազգային կազմակերպություններ այն որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II-րդ հոդվածի: Ավելին, Հայաստանի 205 քառ. կմ տարածքը ներկայումս օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից: Այս կազմակերպությունը լռում էր և շարունակում է լռել: Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս քաղաքականության շարժիչ ուժերն են: Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքներն անտեսված են:
Համատարած անպատժելիության մթնոլորտն Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար:
Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարությանը, այլև նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ դատավարություններ:
Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման միջոցով Լեռնային Ղարաբաղից վերացնել և ջնջել հայկական հետքը: Այս ցեղասպանական ակտը ներկայացվում է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»:
Հարգելի՛ գործընկերներ, կոպիտ սխալ է ենթադրել, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հայ բնակչության և ինքնության վերացման միջոցով: Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործով երաշխիքների ապահովմամբ, պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված 150,000 հայերին: Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրավունքից:
Շնորհակալություն»:
News.am