Պատգամավոր․ Խորհրդարանի ղարաբաղցի փախստականների իրավունքների քննչական հանձնաժողովը կստեղծվի օրենքի ուժով

Հակառակ կառավարող մեծամասնության կամքի և ցանկության՝ Ազգային ժողովում օրենքի ուժով կստեղծվի ղարաբաղցի փախստականների սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման և իրականացման քննչական հանձնաժողով։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հանձնաժողովը, նրա խոսքով, կգործի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի նախագահությամբ և խորհրդարանական խմբակցության համակողմանի աջակցությամբ։ «Այնպես որ, կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին անպայման ներգրավվել նրա աշխատանքին։ Նաև համագործակցության կոչ ենք անում կառավարության մեր գործընկերներին»,- ավելացրել է Մինասյանը։

News.am