COP29-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ԱԼԻԵՎԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ Է ԵՎ ՆՈՐ «ՄԵՂԱԴՐԱՆՔ» ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴԵՄ

Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ գործով նախաքննությունն ավարտված է»: Գործը դատարան կուղարկվի նյութերին մեղադրյալների ծանոթանալուց հետո, հաղորդեց նա, հավելելով, թե իբր՝ «բոլոր իրավունքները երաշխավորված են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան և գործի նյութերին ծանոթանալու իրավունք»: Եվ առանձնահատուկ նշեց, թե գործով կան «բազմաթիվ տուժողներ»։

Այս հայտարարության մեջ ամենահետաքրքիրն այն փաստն էր, որ Բաքվում Արցախի առաջնորդներին ներկայացված մեղադրանքների «փնջին» ավելացրել են ևս մեկը. «պատմամշակութային հուշարձանների ոչնչացում»: Կարելի էր հեգնալից հարց տալ. իսկ քանի՞ «տուժող» են գտել Բաքվում այդ մեղադրանքով, եթե հարցն այդքան լուրջ չլիներ։ Սակայն ամենահետաքրքիրն ու ընդ որում բավական ցուցանշականն այլ բան է:

Ահավասիկ, գրեթե մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 5-ին, նույն գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն արդեն հանդես է եկել ԶԼՄ-ներում՝ բովանդակությամբ միանգամայն նույնական հայտարարությամբ։ «Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ գործով նախաքննությունն ավարտված է, մոտ ժամանակներս նյութերը կփոխանցվեն ադրբեջանական դատարան»,- ասել է նա NEWS.ru-ին տված հարցազրույցում։ Եվ ճիշտ նույն կերպ տեղեկացրել, թե «այժմ մեղադրյալներն ու տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին»:

Այսինքն Ադրբեջանի մի ամբողջ գլխավոր դատախազ՝ այդ պետական գոյացության համար այդքան արժեքավոր ազգանունով, սեպտեմբերի 5-ին ստե՞լ է։ Թե՞ հիմա է ստում: Եթե մոտ մեկ ամիս առաջ նախաքննությունն արդեն ավարտված էր, «մեղադրյալներն ու տուժողները ծանոթանում էին քրեական գործի նյութերին», որից հետո գործերը պետք է փոխանցվեին դատարան, ապա ի՞նչ էր կատարվում այս գրեթե մեկ ամսվա ընթացքում, եթե հիմա նա հանդես է գալիս բացարձակ նույն հայտարարությամբ:

Եվ այդ ինչպե՞ս պատահեց, որ սեպտեմբերի սկզբին հետաքննությունն ավարտված էր, սակայն հոկտեմբերի սկզբին պաշտոնական մակարդակով հաղորդվում է ներկայացված նոր մեղադրանքի մասին. ոչ պակաս անհեթեթ և նույնքան շինծու, որքան նախորդ բոլորը։

Ադրբեջանական «իրավապահ» համակարգի և «արդարադատության» մասին լուրջ խոսելը, առավելևս դրա ներկայացուցիչների գործողություններում տրամաբանություն կամ գոնե տրամաբանության նշույլ փնտրելն, իհարկե, անիմաստ է։ Կառավարման բացարձակ ավտորիտար ոճը, պետական համակարգի լիակատար ենթակայությունն անփոփոխ առաջին դեմքին և վերջինիս կողմից միանձնյա որոշումների կայացումը, մանավանդ այդչափ կարևոր հարցերով, վաղուց արդեն որևէ կասկածից վեր են։

Սակայն տվյալ դեպքում տրամաբանություն ակնհայտորեն նշմարվում է. ճիշտ է, բավական յուրօրինակ ընկալմամբ։ Ինչպես որ ակնհայտորեն նշմարվում են Ալիևների՝ Իլհամի, հետևաբար նաև Քյամրանի այդօրինակ պահվածքի պատճառները։ Այդ պատճառներն ընկած են մակերեսին. կլիմայի փոփոխության հարցերվ ՄԱԿ-ի СОР29 գլոբալ խորհրդաժողովի մոտեցումն ու դրա հետ կապված միջազգային ճնշումների ուժգնացումը Բաքվի վրա։

Ընդ որում ճնշումն ընթանում է երկու գլխավոր ուղղություններով. նախ՝ մինչև խորհրդաժողովի մեկնարկը հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու պահանջ, երկրորդ՝ մամուլի հրապարակումներ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վերաբերյալ։ Ըստ էության, գլխավոր դատախազ Ալիևի հոկտեմբերի 1-ի հայտարարությունը և նոր «մեղադրանքի» մասին հաղորդումը նախագահ Ալիևի լպիրշ ու լկտի պատասխանն է այդ պահանջներին և քննադատությանը:

Քանզի դժվար է ենթադրել, թե մեկ ամսից Էլ պակաս ժամանակահատվածում, ավարտված հետաքննության պայմաններում և գործին «մեղադրյալների ծանոթանալու» ընթացքում հանկարծ ի հայտ են եկել նոր «փաստեր» կամ «տուժողներ», որոնք հաղորդել են «մեղադրյալների կողմից պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մասին: Ընդհակառակը, այդ բնույթի, բայց հենց Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կատարվող հանցագործությունների մասին գրեթե ամեն շաբաթ հաղորդվում է համաշխարհային մամուլում, սոցցանցերում, պրոֆիլային ու իրավապաշտպան կազմակերպությունների և գործիչների կողմից։

Եվ այդ հաղորդագրություններն ու հրապարակումները հաստատվում են անհերքելի ապացույցներով, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներով։ Ահա վերջին օրինակները։

Սեպտեմբերի 30-ին այդ մասին պատմեց Նիդեռլանդական NOS ռադիոհեռարձակման կորպորացիան: Իսկ Bellingcat կայքի հետաքննող լրագրողները ներկայացրել են Ստեփանակերտում զանգվածային թալանի և ավերածության համոզիչ պատկերը, ինչը տեղի է ունենում, բնականաբար, Բաքվի իշխանությունների գիտությամբ և խրախուսմամբ։

Մինչ այդ հրապարակումներ են եղել նաև այլ լրատվամիջոցներում, նույնիսկ ադրբեջանական սրտին այդքան թանկ Բրիտանական BBC-ում, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ մի քանի: Կարելի է, իհարկե, դրանք «ասեղի ծակոցներ» համարել «հզոր» Ալիևի համար, բայց երբ հաճախակիանում են ու ավելի համոզիչ դառնում, ապա դա արդեն տանջող գլխացավանք է։ Արդյունքում՝ նոր «մեղադրանք» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին։

Եվ ինչպես որ մյուս բոլոր «մեղադրանքները» (ահաբեկչություն, քաղաքացիական անձանց խոշտանգումներ, սպանություններ ու վիրավորումներ, վարձկանների ներգրավում, ազգային թշնամանքի հրահրում, քաղաքների ու գյուղերի գնդակոծում, տարածքների ականապատում և այլն), սա նույնպես կատարյալ հայելային կերպով արտացոլում է այն հանցագործությունները, որոնք կատարել է հենց Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ։

СОР29-ի մեկնարկին մնացել է մեկ ամիս և 9 օր։ Գործնականում ամեն օր աշխարհի տարբեր երկրներից ու քաղաքներից, տարբեր խորհրդարաններից, կառավարություններից ու կազմակերպություններից կոչեր ու պահանջներ են հնչում՝ ազատ արձակելու հայ գերիներին: Ի պատասխան Ալիևը կրկին հայտարարում է «հետաքննության ավարտի» և առաջիկա դատավարության մասին։ Ընկալել սա այլ կերպ, քան Բաքվի բռնապետի ակնհայտ նյարդայնության նշան, դժվար է։

Չէ որ նա ոչ մի երաշխիք չունի, թե համանման կոչեր ու պահանջներ չեն հնչի արդեն Բաքվում՝ ՄԱԿ - ի խորհրդաժողովի ամբիոնից։ Ավելին, կասկած չկա, որ խորհրդաժողովի մոտենալուն զուգընթաց ճնշումը կաճի, իսկ դրա մասնակիցների մեջ կլինեն այնպիսիք, ովքեր կանեն դա հենց միջոցառման ժամանակ և դրա հարթակներում։

Ի վերջո, Ալիևը Ադրբեջանի տերն է, բայց բնավ ոչ ՄԱԿ-ի գլոբալ միջոցառման։ Եվ ով-ով, բայց ինքը գերազանց գիտակցում է, որ անկարող է կանխել իր համար ոչ շահավետ ու վտանգավոր ելույթները, գործողություններն ու ակցիաները։

Եվ նույնիսկ ազիզ յուզգյար Նիկոլն այդ հարցում նրան ոչնչով օգնել չի կարող։