Միխայիլ Միշուստինն ամփոփել է Երևան և Թեհրան կատարած այցերի արդյունքները

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն ամփոփել է վերջին օրերին Երևան և Թեհրան կատարած այցերի արդյունքները։ Մասնավորաբար, անդրադառնալով Հայաստանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացիկ տարվա երրորդ նիստին՝ Միշուստինը նշել է, որ նախատեսվում է շարունակել համակարգել ջանքերը՝ միության արդյունաբերական ներուժն ամբողջությամբ բացահայտելու, տեխնոլոգիական և գիտատար ձեռնարկություններին աջակցելու համար։

Երևանում կայացել է նաև Եվրասիական տնտեսական համաժողովը, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տնտեսությունների թվային փոխակերպման առաջնահերթ խնդիրների շուրջ:

«Կարևոր ուղղություն է մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը։ Այս ոլորտում սերտ փոխգործակցությունն անհրաժեշտ է ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու համար և կծառայի մեր պետությունների բյուջեների մուտքերի ավելացմանը»,- նշել է Միխայիլ Միշուստինը։

Նա ընդգծել է, որ միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման համար հաստատվել է առաջիկա երեք տարիների «ճանապարհային քարտեզը», որի շրջանակներում կուժեղացվեն լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացման, միջազգային միջանցքների ստեղծման ուղղությամբ աշխատանքները:

ՌԴ վարչապետն անդրադարձել է նաև Թեհրանում անցկացրած բանակցությունների արդյունքներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու ռուս-իրանական համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ-ին Իրանի՝ որպես դիտորդ պետության անդամակցության թեման։ Միխայիլ Միշուստինը նշել է՝ ակնկալվում է, որ շուտով ուժի մեջ կմտնի միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն էապես կբարելավի ԵԱՏՄ երկրների արտադրողների պայմաններն իրանական շուկայում։

Sputnik Արմենիա