Միքայել Սրբազան․ Եթե ուզենային հակասությունները հարթել, կարող էին Վեհափառի մոտ խոնարհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իհարկե, իշխանություններին էր ուղղված Վեհափառի խոսքը, հո ինձ չէ՞ր ուղղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ Մայր տաճարի վերաօծման օրը Վեհափառ հայրապետը հայտարարեց, որ ով մարտնչում է Մայր Աթոռի և Եկեղեցու դեմ, նա մարտնչում է հայոց ինքնության և գոյության դեմ:

 

Դիտարկմանը, որ ստացվում է, որ մի ձեռքով հրավիրել էիք իշխանություններին, մյուս ձեռքով ինչ-որ բան էիք հասկացնում, նա ասաց. «Հա էլ հրավիրելու ենք, հա էլ հասկացնելու ենք: մենք պատշաճությունները հարգող կառույց ենք: Մենք իրենց նման 6 տարվա իշխանություն չենք, ոչ էլ 30 տարվա: Մենք շատ լավ գիտենք պատշաճությունները պահպանել օրվա իշխանությունների հետ՝ անկախ այն բանից այդ իշխանությունները չարիքի իշխանություններ են, թե բարիքի»:

Միքայել Սրբազանը նշեց, որ հակասությունները իշխանությունների հետ պահպանվում են, և իշխանությունը ցանկություն էլ չունեցավ դրանք հարթելու. «Եթե ուզենային, իրենց տրված էր այդ հնարավորությունը, կարող էին մոտենալ, Վեհափառի մոտ խոնարհվել, աջը համբուրել, մի երկու ակնարկ անել, մի երկու ներողություն խնդրել»:

Անդրադառնալով պնդումներին, որ Վեհափառն անձամբ է աջակցում և հովանավորում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, նա ասաց. «Հազար անգամ ասացինք, որ դա այդպես չի, և իրենք էլ դա շատ լավ գիտեն: Հատուկ ծառայություններն իրենց ինֆորմացիան տալիս են: Բայց իրենց պետք է, որ Վեհափառը հովանավորի, որ ինքը նահատակի կերպարանքով հանդես գա, թե տեսեք, հասեք, վեհափառն իր եկեղեցական ողջ կառույցով ելել է իմ դեմ: Հասեք, դեմոկրատիան փրկեք, ես դեմոկրատիայի բաստիոն եմ»:

Հարցին՝ եթե իշխանությունը այդ առումով Եկեղեցին ընդդիմադիր շարժմանը չի աջակցում և եթե իշխանություն այդ առումով վտանգ չի տեսնում, ինչո՞ւ է Եկեղեցու դեմ դուրս եկեք, սրբազանը պատասխանեց. «Տեսնում է, դրա համար էլ դուրս է եկել; Այս իշխանությունների համար իրենց գաղափարներին հասնելու ճանապարհին գոյություն ուներ երեք խոչընդոտ՝ Արցախը, որն այլևս չկա, Սփյուռքը, որ գրեթե չկա, և Եկեղեցին: Իրենք աշխատում են հայկական ինքնության դեմ: Եկեղեցին հայկական ինքնության ամրոցն է»: