Հզոր պայթյուններ են որոտացել հարավային Բեյրութում

Բեյրութի հարավային ծայրամասում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մոտ, ուրբաթ գիշեր հզոր պայթյուններ են որոտացել։

«Հըզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակը առնվազն 11 հարված է հասցրել խմբավորման թիրախներին։

«Իսրայելը 11 անգամ անընդմեջ հարվածներ է հասցրել հարավային արվարձաններին»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։

Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնել է, որ «արձանագրվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, որը Բեյրութի հարավային արվարձանների վրա ամենահզոր հարձակումներից մեկն է»։

Ինչպես հայտնում է NNA-ն, պայթյունների ձայները լսվել են Բեյրութից դուրս գտնվող լեռնային շրջաններում։

Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ կոչ էր արել տարհանել հարավային Բեյրութի խաղաղ բնակիչներին:

«Դուք մոտ եք «Հեզբոլլահին» պատկանող թիրախներին, և իսրայելական բանակը շուտով կաշխատի դրանց վրա», - արաբերեն գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը X սոցիալական ցանցում:

Բեյրութի օդանավակայանը սահմանակից է Դահիյա շրջանին, որը Հըզբոլլահի հենակետն է և իսրայելական ավիահարվածների մշտական ​​թիրախը:

Ինչպես հայտնում են Axios-ը և CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, Բեյրութում հարվածների թիրախը կարող էր լինել սպանված «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի զարմիկը՝ Հաշիմ Սաֆի ադ Դինը։

Նա ճանաչվել է որպես խմբավորման ղեկավար Նասրալլայի հավանական ժառանգորդ: Հայտնի չէ, թե արդյոք նա վիրավորվել է հարվածների հետևանքով։

Հինգշաբթի երեկոյան AFP-ի աղբյուրը նաև հայտնել է, որ իսրայելական հերթական հարվածի թիրախը եղել է Բեյրութի օդանավակայանի մոտ գտնվող պահեստը: Թե կոնկրետ ինչ է եղել պահեստում, պարզ չէ, գրում է գործակալությունը։

News.am