ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՆ ՈՒ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՋԸ

Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով, որում ներգրավված է նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, իրավապահները ձերբակալել են ուսանող Հովիկ Փարսյանին (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբայրը) և Վահե Պետրոսյանին (հայտնի է որպես Սոկոյի Վահե), գրել է «Հրապարակ»-ը։

Թերթը պարզաբանել է, որ Պետրոսյանը զբաղվում է շինարարական բիզնեսով։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է։

Ըստ հրապարակման՝ ձերբակալված ուսանողները սովորել են համալսարանի հեռակա բաժնում, դասերի չեն հաճախել, սակայն կաշառքի դիմաց գնահատականներ են ստացել։

«Երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին (հոկտեմբերի 3-ին-խմբ), սպասում էին Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ կալանքի միջնորդություն կներկայացնե՞ն, թե՞ ոչ»,- գրել է թերթը։

Սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի էր բերման ենթարկել, որոնց թվում է ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 23-ին ազատվել էր աշխատանքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով։

Armenia Today