Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեյրութ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առավոտյան ժամանել է Լիբանանի մայրաքաղաք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը։

«Իրանական ինքնաթիռը, որում եղել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ժամանել է Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան», - նշված է հրապարակման մեջ։

Աբբաս Արաղչիին դիմավորել է Լիբանանի արտգործնախարարության արարողակարգի վարչության տնօրեն Օսամա Խաշաբը։

Սա իրանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Լիբանան՝ այդ երկրում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Իր հերթին The Guardian-ը հաղորդում է, որ Աբբաս Արաղչին հանդիպում կունենա Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։

Գիշերը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Բեյրութի միջազգային օդանավակայանի մերձակայքում ուժգին պայթյուններ էին տեղի ունեցել։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

Իրանը հոկտեմբերի 1-ին ավելի քան 180 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա։ Իսրայելը խոստացել է պատասխանել այդ հարձակմանը։