ԱՊՀ երկրները Եվրասիական անվտանգության սկզբունքների մասին հայտարարություն կընդունեն

ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում նախատեսում են եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին հայտարարություն ընդունել: Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում:

Նա նշել է, որ առաջիկա միջոցառումների ժամանակ պետությունների ղեկավարները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները կքննարկեն անվտանգության ապահովման ոլորտի մի շարք հարցեր:

«Նախ, նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների հայտարարությունը եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին, ինչը թույլ կտա լայն առումով համաշխարհային հանրությանը պատկերացում տալ ԱՊՀ երկրների կողմից միջպետական հարաբերությունների կառուցման հիմքերի ընկալման մասին»,-ասել է նա:

Բացի այդ, նախատեսվում է ստորագրել անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:

Նիստն ընթանում է Աստանայում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանը եվրոպական պետություններին եվրասիական անվտանգության մասին երկխոսությունից չի մեկուսացնում՝ պայմանով, որ նրանք Եվրասիայի այլ երկրների դեմ ապակառուցողական գործողությունների չեն մասնակցում։

Sputnik Արմենիա