Լիլիթ Գալստյան․ Բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է.
«Հարգելի' գործընկերներ,
Փաստը, որ բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված այս կարևորագույն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո, որը հարկադրեց Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ ազգաբնակչությանն անվերադարձ հեռանալ հայրենիքից:
Ադրբեջանի կողմից ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ըստ էության, սահմանվում է որպես էթնիկ զտում, որը հանցագործություն է մարդկության դեմ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը` սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները:
Ներկայում Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները և կալանավորված այլ անձինք, որոնցից շատերը գերեվարվել են զանգվածային տեղահանման ժամանակ: Նրանց թվում են 2023 թվականի սեպտեմբերին անօրինական ձերբակալված և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները:
Այս անձանց դատավարությունները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականության և արդարության հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որևէ ապացույցի կամ պատշաճ ընթացակարգերի` կամայական կալանավորումը միջազգային բոլոր նորմերի` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի բացահայտ ոտնահարում են:
Թեև Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և բոլոր կալանավորվածներին, սակայն ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկվել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:
Փոխարենը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր:
Սրանք այն պատգամավորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման կողմ էին քվեարկել:
Հարգելի' գործընկերներ,
Հնարավոր չէ կլիմայական արդարություն ապահովել առանց համամարդկային արդարության:
Ի վերջո, մեր կազմակերպությունը հիմնված է այն համոզմունքի և արժեքների վրա, որ բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ:
Միջազգային հանրությունը ձախողել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը` թույլ տալով ցեղասպանական գործողություն իրականացնել նրանց դեմ: Սա նոր անարդարությունների և անպատժելիության ճանապարհ է բացում այլոց համար:
Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիվացնել ջանքերը, տեր կանգնել այս մոռացված պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը:
Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության խնդիր չէ:
Սա արդարություն է ամբողջ մարդկության համար»:
«Փաստինֆո»