Կրասնով․ Մինսկում կանցկացվի ահաբեկչության հակազդեցության ԱՊՀ համաժողովը

Դատախազական համաժողովը, որը կազմակերպվել է Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու եվրասիական խմբի հետ համատեղ, տեղի կունենա նոյեմբերին Մինսկում: Այս մասին Երևանում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ժամանակ հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

Նա նշել է, որ նիստի մասնակիցները աջակցել են այս նախաձեռնությանը՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ընդլայնման համար: Դատախազը նաև առաջարկել է միջոցառումը կազմակերպել գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:

Նիստի արդյունքում որոշում է կայացվել 2025 թվականի համար Ռուսաստանի գլխավոր դատախազին ընտրել համակարգող խորհրդի նախագահ: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Տաջիկստանում։

Կրասնովը նշել է, որ քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը և ընդունվել են կարևոր որոշումներ, որոնք նպաստում են միջգերատեսչական փոխգործակցության զարգացմանը: Նա գոհունակություն է հայտնել մասնակիցների դիրքորոշումների միասնականության և ընդհանուր խնդիրների լուծման նրանց ձգտման կապակցությամբ: Վերջում Կրասնովը գործընկերներին շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության և միջազգային իրավական հարաբերությունների ամրապնդման գործում նրանց ավանդի համար։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը Երևանում առաջինն էր վերջին 17 տարվա ընթացքում: Օրակարգում ընդգրկված էր 10 հարց, այդ թվում՝ դատախազների աշխատանքային փորձի և 2023թ.-ի համագործակցության ծրագրերի իրականացման քննարկում:

Sputnik Արմենիա