ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ստորագրել են 2025-2026 թթ. համագործակցության ծրագիրը

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համագործակցության ութերորդ ծրագիրը:

Գլխավոր դատախազների հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Երևանում:

Կրասնովն առաջարկել է ծրագրի իրականացման ընթացքում ավելի մեծ ուշադրություն դարձնել վերահսկողության գործնական ասպեկտներին, կիսվել նպատակային ստուգումների անցկացման փորձով։ ՌԴ գլխավոր դատախազն առաջարկել է հատուկ շեշտադրում կատարել գիտակրթական ոլորտում կապերի ամրապնդման վրա:

Նշելով Հայաստանի դատախազական աշխատողների ավանդական մասնակցությունը ՌԴ դատախազության համալսարանի բազայի վրա վերապատրաստման ծրագրերին՝ Իգոր Կրասնովը հրավիրել է հայ դատախազներին հաջորդ տարի նույնպես վերապատրաստվել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

«Ելնելով ձեր ցանկություններից՝ մենք կպատրաստենք համապատասխան հատուկ ծրագրեր։ Արտագնա ուսուցողական միջոցառումներ անցկացնելու համար մենք արդեն ունենք պատվիրակությունների փոխանակման պրակտիկա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Հաշվի առնելով դրանցից գործնական փոխադարձ օգտակարության բարձր մակարդակը՝ կարևոր եմ համարում այն շարունակել», - ասել է Կրասնովը։

ՌԴ գլխավոր դատախազը նաև շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին և անձամբ Աննա Վարդապետյանին՝ նիստի կազմակերպման բարձր մակարդակի և ռուսական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար:

«Մեր դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությանը», – ընդգծել Է Ռուսաստանի գլխավոր դատախազը:

Նա վերահաստատել է ինտենսիվ, բաց և վստահելի փոխգործակցության հետագա ամրապնդման տրամադրվածությունը՝ ի շահ եղբայրական ժողովուրդների։

Ծրագիրը ենթադրում է տարբեր միջոցառումների անցկացում 2025-2026 թվականներին: Մասնավորապես, նախատեսվում են փորձագետների, երկու երկրների գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների հանդիպումներ, փորձի փոխանակում, սեմինարների և կլոր սեղանների անցկացում և այլն:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազության հետ երկկողմ ձևաչափով փոխգործակցությունն իրականացվում է ըստ համագործակցության մասին 2006 թվականի սեպտեմբերի 22-ի համաձայնագրի, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով՝ միջազգային մարմինների և կազմակերպությունների գծով:

Իգոր Կրասնովի և Աննա Վարդապետյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Մոսկվայում այն ժամանակ երկու երկրների դատախազությունների ղեկավարները ստորագրել են 2023-2024 թվականների համագործակցության յոթերորդ ծրագիրը։ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումներ են տեղի ունեցել նաև 2023 թվականի հունիս և հուլիս ամիսներին Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի և Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի շրջանակներում։

Sputnik Արմենիա