Պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցի շուրջ. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին

Ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանալ Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Լրատվամիջոցները ՀՀ ԱԳՆ–ից մեկնաբանություն են խնդրել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի` Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին անդրադարձի և սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ։

«Հարց է ծագում. ինչու՞ է Ադրբեջանը Ձեր հարցի մեջ հիշատակված շեշտադրումներն անում։ Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար»,–նշել է Բադալյանը:

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում։ Մասնավորապես արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից:

«ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Հանրապետությունների վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու՝ Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը»,–ասաց նա։

Մեկ այլ հարց ևս` արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության օրակարգից: Բադալյանն ընդգծեց, որ ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր։ Դրա մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում:

Ինչ վերաբերում է ՀՀ–ի կողմից սպառազինության ձեռքբերմանը, ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։

«Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,–հավելել է նա։

ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել է՝ Հայաստանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի, ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ, ու չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ձգձգելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքների վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի 10-րդ խմբագրությունը և այժմ սպասում է Բաքվի պատասխանին։

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են արագացնել խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը:

Ավելի վաղ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարել էր, որ Երևանը ձգձգում է բանակցությունները, և որ «Բաքուն ստիպված էր սպասել 70 օր» փաստաթղթի վերջին տարբերակը ստանալու համար, որից հանվել էին բոլոր չհամաձայնեցված դրույթները:

Sputnik Արմենիա