ՈՉ ՄԻԱՅՆ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄՅՈՒՍ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
Երեկ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի Բաքվի փաստաբանները մի շարք դատական հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դեմ: Այդ մասին հայտնեց միջազգային խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը՝ բրիտանական Reuters-ը, ինչն ինքնին ցուցանշական է։ Որքանով կարելի է դատել, հայցերը վերաբերում են խոշտանգումներին, արագ դատաքննության իրավունքից զրկելուն, ինչպես նաև Վարդանյանի պատվի և արժանապատվության ոտնահարմանը, զրպարտանքի տարածմանը ադրբեջանական «Բակինսկի ռաբոչի» ռուսալեզու թերթի կողմից:
Ընդգծվում է նաև, որ փաստաբանները Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից գերեվարված բոլոր հայերին մինչև COP29-ը:
Սա բավական հետաքրքիր լուր է՝ հաշվի առնելով ադրբեջանական իրավապահ համակարգի առանձնահատկությունները, իսկ տվյալ դեպքում՝ նաև այն փաստը, որ հայ գերիներին տրամադրված փաստաբանները, որպես կանոն, սպասարկում են Ալիևի ռեժիմի քաղաքական շահերը: Բնականաբար, հուսալ, թե հայցերը որևէ ազդեցություն կունենան կամ կբավարարվեն, չարժե, սակայն, ինչպես նշեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, միջազգային դատական ատյաններ դիմելու համար անհրաժեշտ է սպառել ներպետական բոլոր ընթացակարգերը:
Ուշագրավ է նաև, որ, ըստ նույն Reuters-ի, ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: Ամենայն հավանականությամբ, այնտեղ դեռ չեն կողմնորոշվել արձագանքի հարցում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայցերն անակնկալ են դարձել հայ գերիներին և պատանդներին ազատ արձակելու որևէ հնարավորությունն իսպառ բացառող և հերթական դատական զավեշտներին պատրաստվող ռեժիմի համար: Սրանք, բնականաբար, ընդամենը ենթադրություններ են՝ հաշվի առնելով իշխանության ավտորիտարիզմը և գործնականում լիակատար վերահսկողությունը երկրում տեղի ունեցող ամենի նկատմամբ։
Մյուս կողմից, հասկանալի է, որ հայցերը այն ինտենսիվ աշխատանքի արդյունքներից մեկն են, որ իրականացնում է Ռուբեն Վարդանյանի փաստաբանների միջազգային խումբը, հատկապես Բաքվում ՄԱԿ-ի COP29 խորհրդաժողովի մոտենալու կապակցությամբ: Պարզ է, որ խմբի գործունեությունն ուղղված է նախևառաջ Վարդանյանին ազատ արձակելուն, բայց այն գործնականում դարձել է համաշխարհային մակարդակով ծավալվող միջազգային ընդհանուր արշավի բաղկացուցիչ մասը: Ընդգծեմ. ծավալվում և ավելի լայն թափ է առնում՝ ի հեճուկս Հայաստան պետության անունից հանդես եկող փաշինյանական հանցախմբի դիրքորոշման ու շահերի։
Ռուբեն Վարդանյանն, անկասկած, առանձնահատուկ դեմք է Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների և առհասարակ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների խմբում: Միջազգային շրջանակներում այդքան հայտնի գործարարի, բարերարի և հասարակական գործչի ներկայությունն, իհարկե, շատ ավելի մեծ ուշադրություն է սևեռում ալիևյան ռեժիմի հանցավոր գործողությունների վրա, մասնավորապես՝ գերիների հարցում։
Հասկանալի է նաեվ, որ Վարդանյանի ընտանիքն ու ընկերները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, այդ թվում՝ ֆինանսական, քան Բաքվի բանտերի դժոխքի միջով անցնող մեր մյուս հայրենակիցները։ Եվ չափազանց կարևոր է, որ Ռուբենի հարազատներն ու մտերիմները երբեք չեն տարանջատել նրան իր բախտակիցներից՝ մշտապես շեշտելով բոլորին ազատելու անհրաժեշտությունը: Մեր տեղեկություններով, ինքը՝ Արցախի նախկին պետնախարարը նույնպես բանտից բազմիցս խնդրել է անդադար բարձրացնել մյուս գերիների ու պատանդների հարցը:
Բայց հայոց ամոթն ու խայտառակությունը, բացի հակահայկական իշխանությունից ու նրա նույնիսկ ոչ թե անգործությունից, այլ Ադրբեջանին նաև այս հարցում բացահայտ աջակցումից, ամփոփված է այլ բանում: Նրանում, որ մեր մյուս գերիները, այդ թվում՝ Հայրենիքին բազմաթիվ ծառայություններ մատուցած մարդիկ, մնացել են առանց որևէ աջակցության ու պաշտպանության։ Եվ եթե չլիներ Վարդանյանի համբավն ու միջազգային հեղինակությունը, եթե չլինեին նրա հարազատների ու մտերիմների ջանքերը, ապա նույնիսկ СОР29-ի համատեքստում որևէ քարոզարշավ պարզապես չէր լինի:
Հայոց ամոթն ու խայտառակությունն այն է, որ առանց որևէ աջակցության են մնացել մեր «հասարակ» հայրենակիցները, որոնցից ոմանք Բաքվում են արդեն 4 (!!) տարի, և մենք տեղեկություններ չունենք նրանց վիճակի մասին (բացի ԿԽՄԿ-ի միջոցով հարազատների հետ մասնավոր շփումներից): Խոշտանգումների մասին, որոնց ենթարկվել է Ռուբենը, հայտնի դարձավ կրկին իսկ նրա միջազգային փաստաբանների գործունեության շնորհիվ, բայց չէ որ նույն տառապանքների միջով են անցնում Ադրբեջանում հանցավոր կերպով պահվող բոլոր հայերը։
Մեր ամոթն ու խայտառակությունն այն է, որ Բաքվի զնդաններում են նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են ազգային-ազատագրական շարժմանը, տասնամյակներ շարունակ ակտիվորեն մասնակցել Արցախի և Հայաստանի կայացմանն ու զարգացմանը, հայկական երկու պետությունների պաշտպանունակության ամրապնդմանը: Ինչպիսին էլ որ լինի վերաբերմունքը երեք նախագահների նկատմամբ (հատկապես երրորդի), դա անհերքելի փաստ է: Չենք խոսում արդեն Հայրենիքի նվիրյալ և ազնվագույն Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի մասին։
Մեր ամոթն ու խայտառակությունն այն է, որ մենք այդ մարդկանց փաստացի մենակ ենք թողել ահավոր դժբախտության ու տառապանքի առջև։ Եվ նաև այն, որ մինչև հիմա չգիտենք, թե հատկապես քանի հայ է պահվում գերության մեջ, չգիտենք, թե անհայտ կորածներից ով է առևանգվել և տարվել Ադրբեջան, դատապարտվելով անհայտության և լիակատար իրավազրկության՝ առանց երբևէ վերադառնալու որևէ հույսի:
Հասկանալի է, որ հենց սկզբից՝ 2020 թվականի նոյեմբերից, գերիների պաշտպանությունը պետք է կազմակերպվեր պետական մակարդակով։ Բայց իշխանությունները ուրացան նրանց՝ բառի լիակատար իմաստով. ասենք, այլ բան չէր էլ կարելի սպասել թուրքական ծառայանուց։ Միանգամայն այլ բան է Հայաստանի հասարակայնությունը, որը պարտավոր էր հնարավոր առավելագույն չափով կազմակերպել և ապահովել իրավական աջակցությունը գերիներին ու պատանդներին։ Ինչպես ցույց են տալիս Ռուբեն Վարդանյանի փաստաբանական խմբի ջանքերը, դրա հնարավորությունները, այդ թվում՝ իրավական, բոլոր հասկանալի սահմանափակումներով հանդերձ՝ այնուամենայնիվ առկա են։
Իհարկե, դրա համար պահանջվում են նաև ֆինանսական միջոցներ, բայց ախր, որքանով կարելի է դատել, ոչ ոք չի էլ փորձել փնտրել դրանք։ Ոչ ոք չի էլ փորձել դիմել հայ մեծահարուստ գործարարներին՝ կոչ անելով աջակցել գերիների և պատանդների պաշտպանության արշավին, վճարել միջազգային մասնագետների ծառայությունների համար, գրավել հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների և մամուլի ուշադրությունը։ Եվ, կրկնեմ, եթե չլիներ Ռուբեն Վարդանյանը, չէր լինի ընդհանրապես ոչ մի ջանք ու միջազգային հնչեղություն. մենք լուռումունջ կուլ կտայինք նաև այդ կապիտուլյացիան։
Այսօր ծավալվող միջազգային արշավում Հայաստանի հայերի ձայնը բոլորից ցածր է լսվում։ Գերիների հարցում ազգային պատիվն ու արժանապատվությունն այսօր, ավաղ, փրկում է հիմնականում Սփյուռքը։