Լավրովն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ–ից։

«Սերգեյ Լավրովը ջերմորեն շնորհավորել է Գուրգեն Արսենյանին վերջերս դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ մեր երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման»,–ասված է հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Լավրովը ու Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024-ի օգոստոսի 14-ին։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Վաղարշակ Հարությունյանին (ՀՀ նախկին պաշտպանության նախարարին, որը զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը 2022 թվականի հունվարից)։ Մինչ այդ Արսենյանը, լինելով պատգամավոր, մի շարք հակառուսական արտահայտություններ և հայտարարություններ է հնչեցրել։ Սակայն դեսպան նշանակվելուց հետո հայտարարել է, որ որպես դիվանագետ այսուհետ սահմանափակ է ներքաղաքական դիրքորոշումն արտահայտելու մեջ, քանի որ դա է պահանջում քաղաքական զսպվածության սկզբունքը։

Sputnik Արմենիա