Հայկ Դեմոյան․ Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանը
Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը մտահոգություններ ունի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնության վերաբերյալ։
«ՀՑԹԻ տնօրինությանը` հանկարծ չփորձե՛ք հիմնավերանորոգման անվան տակ ինքնագլուխ փոփոխել թանգարանի մշտական ցուցադրությունը»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է ցեղասպանագետը։
168.am-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանը պարզաբանել է իր մտահոգության պատճառները․ «Դեռ անցյալ տարի բավական լուրջ աղբյուրից ունեի ահազանգ՝ հետևյալ ձևակերպմամբ, որ միգուցե վերանորոգման անվան տակ անորոշ ժամանակով փակվի բուն ցուցադրությունը (թեև հնարավոր է՝ գիտաշխատողները գնան աշխատանքի)։ ՀՑԹԻ նորընտիր տնօրենի վերջին մամուլի ասուլիսից հետո նոր մտահոգություններ են ի հայտ եկել։ Նախ՝ նա չի հիմնավորում ժամկետները․ այնտեղ բավականին մշուշոտ էր ձևակերպումը, թե մենք կանենք ինչ-ինչ աշխատանքներ, կբացենք 110-ամյակին, հետո նորից թանգարանի ներսում կշարունակվեն հիմնավերանորոգման աշխատանքները։
Այո՛, խնդիրներ կան ու եղել են թանգարանում, բայց դրանք միշտ լուծվել են հընթացս, արտաբյուջետային միջոցների հաշվին: Բայց հիմնավոր կերպով արվել են աշխատանքներ 2013-2014 թվականին․ ի դեպ, այդ նույն նախագծային ինստիտուտն է, որը եկել է, գնահատել է։ Ավելին՝ 2019-2023թթ․ ընթացքում հենց ԿԳՄՍ նախարարությունը երկու խոշոր գումար է հատկացնում թանգարան-ինստիտուտին՝ Հարություն Մարությանի դիմումի համաձայն՝ ճիշտ նույն խնդիրները լուծելու համար»,- ասել է Դեմոյանը։
Հայկ Դեմոյանը խնդրահարույց է համարում հարյուր միլիոնավոր դրամների հատկացումից հետո դարձյալ շուրջ 2 միլիոն դոլարին համարժեք գումարի հատկացումն ինստիտուտին՝ հենց նույն խնդիրները լուծելու համար։
Aysor.am