Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ԲՈՐՏՆԻԿՈՎԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՕԳՏԻՆ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն ցանկանում է իր զորախումբը խաղաղապահների անվան տակ բերել Անդրկովկաս, ինչպես նաև անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:

 

«Այնտեղ ՆԱՏՕ-ի խաղաղապահներ տեղակայելու համար բավարար է Հայաստանի իշխանությունների որոշումը և դրան ՆԱՏՕ-ի երկրների պատրաստակամությունը։ Դա պարտադիր չէ, որ կապված լինի որևէ սրացման հետ: Հետաքրքիր է, որ Բորտնիկովը բանակցությունների ձգձգման մեղքը բարդել է Արևմուտքի վրա։ Բորտնիկովի նկարած պատկերում Երևանը ձգձգում է բանակցությունները, իսկ Արևմուտքը փորձում է առաջնորդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

Այսինքն՝ այստեղ սխեման այնպիսին է, որ բանակցությունները ձգձգվում են, հնարավոր է էսկալացիա կամ ինչ-որ սպառնալիքներ Բաքվից, իսկ հետո, հավանաբար, նախատեսվում է խաղաղապահներ բերել։ Թեև լիովին պարզ չէ, թե ինչպես են դրանք բերվելու ՄԱԿ-ի հովանու ներքո՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի դեպքում դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի քվեն։ Բայց Անվտանգության խորհուրդը երաշխավորված չէ, որ կողմ կքվեարկի նման որոշմանը։

Բորտնիկովի հայտարարությունից հետևում է, որ Հայաստանը ձգձգում է բանակցությունները, բայց այստեղ կարևորն այն է, որ այդ դիվանագիտական հայտարարությունը Երևանի օգտին չէ։ Եթե ես լինեի պաշտոնական Երևանի տեղը, դա ինձ կանհանգստացներ»,- ասել է Սիլաևը։

Նա նաև մեկնաբանել է բանակցությունների վերաբերյալ Բաքվի մոտեցումը.

«Ինչ վերաբերում է բանակցություններում ադրբեջանական դիրքորոշմանը, ապա ես չէի բացառի, որ Ադրբեջանը ելնում է նրանից, որ պետք է հնարավորինս շատ ճնշում գործադրել ՝ փորձելով հնարավորինս շատ բան ստանալ»:

Խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի և ադրբեջանական կողմի նոր նախապայմանների մասին՝ փորձագետը նշել է, որ Ադրբեջանը նորանոր պահանջներ կառաջադրի այնքան ժամանակ, քանի դեռ դրա համար կան պայմաններ։

«Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ պահանջներ են առաջ քաշվում բանակցություններում և արդյոք այդ բանակցությունների օրակարգը փոխվում է այն բանից հետո, երբ Ադրբեջանը կոշտացնում է իր հրապարակային դիրքորոշումը։ Ես միանգամայն համաձայն եմ, որ դժվար է ակնկալել դիվանագիտական մեծ արդյունք և հաջողություն խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, եթե անընդհատ հրապարակավ ինչ-որ նոր ու նոր պահանջներ ես ներկայացնում։

Բայց, հավանաբար, Ադրբեջանում կարծում են, որ քանի դեռ կան պայմաններ այդ պահանջները առաջադրելու համար, դրանք պետք է առաջ քաշվեն, որովհետև հնարավոր է՝ հետագայում պայմաններն այնքան էլ բարենպաստ չլինեն։ Այստեղ դուք պետք է նայեք, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում բանակցություններում, բայց ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ», — նշել է Սիլաևը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա փորձագետի կարծիքով, այդ հարաբերությունները դանդաղ և սահուն շարժվում են դեպի խզում:

«Հայ-ռուսական հարաբերությունները խզվում են Երևանի նախաձեռնությամբ։ Հասկանալի է, որ Երևանը և՛ ցանկանում է նման խզում, և՛ վախենում է։ Երբ Հայաստանի ղեկավարները խոսում են այն մասին, որ իրենք առայժմ կմնան ԵԱՏՄ-ում, բայց առաջին պատեհ առիթի դեպքում կանդամակցեն ԵՄ-ին, հասկանալի է, որ դա մարդկանց մոտ երիտասարդության երազանք է։

Հայաստանն ինքնիշխան պետություն է և կարող է ընտրել իր արտաքին ու ներքին քաղաքականության ուղղությունը, բայց ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում տնտեսական ոլորտում սառեցում կլինի»,- եզրափակել է Սիլաևը։

Հարցազրույցի ընթացքում փորձագետը խոսել է նաև Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից և դրանց ազդեցությանը Թբիլիսիի արտաքին քաղաքականության և տարածաշրջանի իրավիճակի վրա:

Alpha News