ՊԵԿ-ը նախատեսում է արագացնել շինարարական բիզնեսից ԱԱՀ-ի գանձումը
ՀՀ պետեկամուտների կոմիտեն նախատեսում է կրճատել շինարարական բիզնեսի կողմից ԱԱՀ–ի վճարման ժամկետները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը։
Ակնհայտ է, որ շինարարության ոլորտի շրջանառությունը շարունակում է ակտիվորեն աճել, սակայն դրա հարկումը մի փոքր հետ է ընկած։ Ինչպես հայտնի է, բնակարանները հիմնականում վաճառվում են նախօրոք, բայց անկախ դրանից, վաճառքի ԱԱՀ–ն վճարվում է միայն շինարարության ավարտից հետո։ Ուստի ՊԵԿ–ն առաջարկում է հարկը գանձել այն պահին, երբ կառուցապատողը եկամուտ է ստանում։
Այս նախաձեռնությունը ՊԵԿ–ը վերջերս ներկայացրել է կառուցապատողներին։
ԱԱՀ–ի «անհապաղ» գանձումը ՊԵԿ–ն առաջարկում է ներդնել աստիճանաբար, որպեսզի խաղի նոր կանոնները գործեն միայն նոր նախագծերի համար։ Ըստ այդմ, մինչև 2030 թվականն առաջարկվում է հարկը գանձել շինարարության ավարտից հետո ֆիքսված ժամանակահատվածի սահմաններում (որոշակի արհեստական ձգձգումները կանխարգելելու համար)։ Իսկ ահա 2030-ից սկսած` հարկը գանձել գործարքի պահին։
Նշենք` այս տարվա I կիսամյակի 1 000 խոշորագույն հարկատուների ցուցակում շինարարական ընկերությունների մասնաբաժինը կազմել է շուրջ 2,5% (եթե չհաշվենք շինանյութ արտադրող և ներմուծողներին)։ Համեմատության համար ասենք, որ շինարարության մասնաբաժինը ՀՆԱ–ում զգալիորեն ավելի բարձր է. 2023-ին այն կազմել է 7%-ից մի փոքր ավելի։