Բագրատ սրբազան․ Միքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հորդորում է քաղաքացիներին դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին հնչող վիրավորանքներն ու անհարգալից վերաբերմունքը։ Այս մասին սրբազանն ասաց Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողներին տված ճեպազրույցում։

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների հեռացմանը միտված Բագրատ սրբազանի գլխավորած շարժման որոշակի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է։ Միքայել սրբազանը վստահեցրել էր, որ այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը և, որ այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին ու հեռանան քաղաքական ասպարեզից։ Նրա պնդմամբ` դա է պահանջում հայրենիքի փրկությունը։

«Չափազանց մեծ հարգանք ունեմ Միքայել սրբազանի նկատմամբ, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է, բայց ես կարող եմ իր որոշ ասածներին համաձայն լինել, որոշին էլ` ոչ։ Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, ես բնականաբար համաձայն չեմ, բայց չի նշանակում, որ ամբողջ ուժով պետք է անցնեմ անարգանքի ու վիրավորանքի։ Անկախ նրանից կհամաձայնվեմ սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ»,– նշեց Բագրատ սրբազանը։

Անդրադառնալով նախագահների նկատմամբ իր վերաբերմունքին` շեշտեց` բոլոր նախագահների ժամանակ եղել է ընդդիմադիր դիրքերում, քանի որ այդ ժամանակահատվածում ապրել են սխալների տիրույթում, բայց հիմա հայ ժողովուրդն ապրում է ողբերգության մեջ։

«Թշնամին այն ժամանակ մեզ չի ասել` գնացեք ձեր Սահմանադրությունը փոխեք, ծնկաչոք եկեք այստեղ։ Կեղծ ներկա–նախկին ծուղակը ստեղծել են, որ մխրճվենք ու դուրս չգանք այդտեղից»,– ասաց Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք, որ նախկին նախագահների վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդի խոսքերը սոցցանցերում քննարկման թեմա էին դարձել։ Դրան անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։ Նա նշել էր, որ ընթացիկ իրավիճակի մասին այդ խոսքերն առնվազն տարօրինակ են հնչում։ Միկոյանը շեշտել էր` պատճառահետևանքային կապերն ակնհայտորեն խեղաթյուրվել են։

Sputnik Արմենիա