Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել վերականգնել Սալոմե Զուրաբիշվիլու իմփիչմենթի ընթացակարգը

«Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել վերականգնել Սալոմե Զուրաբիշվիլու իմփիչմենթի ընթացակարգը և խորհրդարանի նոր գումարման առաջին նիստերում հեռացնել նրան պաշտոնից իմփիչմենթի միջոցով ոչ պակաս, քան 100 ձայնով»,- ասել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճեպազրույցում, որը կայացել է կուսակցության օֆիսում, տեղեկացրել է Վրացական Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ 2023թ. հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն իրավունք ունի իրականացնել միջազգային այցեր միայն կառավարության համաձայնությամբ։

Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակել է խախտել Սահմանադրությունը և կատարել է մի քանի արտաքին այցեր՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության, այդ թվում Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Բուլղարիա։

«Մեր Սահմանադրությունը հիմնարար ակտ է, որում հատկապես արտահայտած է վրացի ժողովրդի կամքը, ուստի նրա միտումնավոր, բացահայտ և լկտի խախտումը չի կարող անարձագանք մնալ։

Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել վերականգնել իմփիչմենթի ընթացակարգը և պատրաստել նոր սահմանադրական կետ, որը կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարան մինչև խորհրդարանական ընտրությունները։

Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը կհաստատի Սահմանադրության խախտման փաստը, խորհրդարանի նոր գումարումը իր իրավունքով նիստերում կհեռացնի Սալոմե Զուրաբիշվիլուն պաշտոնից իմփիչմենթով, ոչ պակաս, քան 100 ձայնով։

Ինչպես գիտեք, Սալոմե Զուրաբիշվիլու լիազորությունների ժամկետն առանց այդ էլ սպառվում է այս տարի։ Հետևաբար, նրա իմփիչմենթով հեռացումը կկրճատի նրա լիազորությունների ժամկետը առավելագույնը մեկ ամսով։ Այսպիսով, նրան պաշտոնից հեռացնելը հիմնականում խորհրդանշական նշանակություն ունի լիազորությունների ժամկետի առումով, սակայն իրավական և քաղաքական նշանակությունը խիստ սկզբունքային է։

Չի կարելի անպատիժ թողնել վրացի ժողովրդի գլխավոր օրենքի միտումնավոր, կոպիտ և պարբերական խախտումը։ Սահմանադրությունը խախտած Սալոմե Զուրաբիշվիլին պետք է մնա ոչ թե նախկին նախագահ, այլ հեռացված նախագահ, ինչը, որպես նախադեպ, կարևոր կանխիչ դեր կխաղա ապագայում նման վարքի կանխման և վրացական դեմոկրատիայի ամրապնդման գործում»,- հայտնել է Շալվա Պապուաշվիլին։

News.am