Կամո Ցուցուլյան․ «Դոմուս»-ում հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, տուժածներ չկան

Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութում բռնկված հրդեհն ավելի քան 2 ժամ անց հնարավոր է եղել մեկուսացնել, այժմ իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, տուժածներ չկան։ Լրագրողներին ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։ Պայթյունի ձայն լսվել է հրդեհաշիջման ժամանակ, ապակիներն են պայթել տաքանալու հետևանքով։

Հրդեհը, նախնական տեղեկություններով, ըստ աշխատակիցների, առաջացել է էլեկտրական հոսանքից։ Ըստ աշխատակից, պահեստային հատվածում հոսանքի անջատում է եղել, հետո միացել է, ապա բռնկվել է հրդեհը: Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, հետո նոր զանգահարել են հրշեջ փրկարարական ծառայություն։

Տուժածներ չկան։ Տուժածներ չկան նաև փրկարարների շրջանում»,- մանրամասնեց նա։

Կ.Ցուցուլյանի խոսքով, տանիքին տեղադրված է արևային համակարգ իր կուտակիչով, դրա համար էլ հրդեհը տարածվել է, իսկ հրդեհաշիջումը դժվարացել է։

Նա նշեց, որ վնասի չափը չի կարող ասել, հրդեհի տարածքը կազմել է 2500-3000 քմ., ներսում եղել են կենցաղային իրեր, շինարարական ապրանքներ։

«Հայտարարվել էր կրակի բարդության 3-րդ աստիճան, միանգամից բերվել է 17 հրդեհաշիջող մարտական հաշվարկ, լրացուցիչ ուժեր են անընդհատ ավելացվել։ Այս պահին աշխատում է 17 մարտական հաշվարկ»,- ասաց Կամո Ցուցուլյանը։

Panorama.am