ՔԿ․ Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6–ին` ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նշվում է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներով քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 522–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ), ձևավորվել է քննչական խումբ:
Դեպքի մասին հաղորդումը ստացվել է հոկտեմբերի 6–ին՝ ժամը 10:00–ի սահմաններում։ ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են համապատասխան փաստաթղթերը, կատարվել է դիակի արտաքին զննություն, փորձագետների մասնակցությամբ վերցվել են փորձանմուշներ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաթմրաբանական փորձաքննություններ։ Հարցաքննվել են ինչպես դեպքի օրը, այնպես էլ դրանից առաջ կրակային դիրքում ծառայություն իրականացրած զինծառայողները։
Կոմիտեից հայտնում են, որ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն՝ դեպքի իրական հանգամանքները և վարույթի համար այլ նշանակություն ունեցող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:
Sputnik Արմենիա