ՀԷՑ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ․ ՀԷՑ-Ի ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 2024-2034ԹԹ. ԿԿԱԶՄԵՆ 305 ՄԼՐԴ ԴՐԱՄԻՑ ԱՎԵԼԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը բացառիկ հարցազրույց է տվել Alpha News-ին, որում անդրադարձել է հոսանքի անջատումների շուրջ դժգոհություններին, ներկայացրել խափանումների պատճառները և խոսել ընկերության բաշխիչ ցանցի վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրերի ընթացքից։

 

Կարեն Հարությունյանի խոսքով՝ Երևանում ամռանը հաճախակի դարձած էլեկտրաէներգիայի անջատումները պայմանավորված են եղել մի քանի գործոնով, ընդ որում՝ որոշ դեպքերում խափանումները ՀԷՑ-ի պատասխանատվության տիրույթում չեն եղել։

«Պատճառները եղել են սուբյեկտիվ և օբյեկտիվ: Առաջինը՝ բաշխիչ ցանցի մաշվածությունն է: «Տաշիր» ընկերությունների խումբը ցանցն ընդունել է 80%-ից ավելի մաշված վիճակում։ ՀԷՑ-ի գերխնդիրն է փոխարինել սարքավորումները, բայց երկրի ամբողջ համակարգը հնարավոր չէ միանգամից արդիականացնել և դա առայժմ անում ենք առավել խոցելի կետերում: Երկրորդ պատճառն այն է, որ բաշխիչ ցանցը, բնակչության էլեկտրամատակարարման մասով, ի սկզբանե նախագծվել և կառուցվել է ռադիալ, առանց պահուստային սնուցման սկզբունքի, որի արդյունքում սխեմայի մի հատվածի ընդհատումը բերում է ամբողջ սխեմայի հոսանքազրկման։

Երրորդ պատճառը Երևանում, հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում աննախադեպ ծավալների կառուցապատման ու էլեկտրաէներգիայի սպառման աճն է: Երևանում ավելացել է շուրջ 68 000 բաժանորդ, որից 40 000-ն արդեն միացվել է ցանցին:

Չորրորդ պատճառն այլ պատկանելության էլեկտրատնտեսությունների վատթար վիճակն է, որը հանգեցրել է հոսանքազրկումների, ինչպես, օրինակ՝ Կառավարության շենքում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Աբովյանում ֆուտբոլային խաղի ժամանակ, ինչպես նաև «Երևան ՀԷԿ-ի էլեկտրական ենթակայանում գրանցված հրդեհը: Այդուհանդերձ, մենք բոլոր նշված դեպքերում աջակցել ենք այդ կառույցներին կարգի բերել իրենց բալանսում գտնվող էլեկտրատնտեսությունը»,- ասել է Կարեն Հարությունյանը:

Էլեկտրաէներգիայի ընդհատումներին զուգահեռ դժգոհություններ կային նաև 1-80 զանգերի կենտրոն չմիանալու հետ կապված: Օպերատորի հետ կապ հաստատել չի ստացվում, քանի որ հոսանքազրկումների ժամանակ զանգերը շատ են լինում և բոլորին միաժամանակ սպասարկել հնարավոր չէ: Փոխարենը ՀԷՑ-ը բաժանորդներին առաջարկում է 1-80 զանգել, սեղմել 2-րդ կոճակը և հավաքել իր բաժանորդական քարտի համարը կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը և անհրաժեշտ տեղեկությունը ստանալ։

Բաժանորդը կարող է նաև 1-80 զանգելով ձայնային հաղորդագրություն թողնել, որին կպատասխանեն հետզանգի միջոցով և տեղեկություն կտրամադրեն հոսանքազրկումների վերաբերյալ: Բաժանորդները կարող են նաև ՀԷՑ-ի կայքում ստեղծել անձնական գրասենյակ և տեղեկատվություն ստանալ իրենց՝ որպես բաժանորդի առնչվող փաստաթղթերի մասին:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը», եթե սահմանված ժամկետում չի վերացնում առաջացած վթարը, ապա փոխհատուցում է բաժանորդին: Քաղաքային համայնքների դեպքում ընկերությունը պետք է վթարը վերացնի մինչև 4 ժամում, իսկ գյուղական համայնքների դեպքում ՝8 ժամում։

«Այդ տույժերը հաշվեգրվում են որպես բաժանորդի կողմից վճարում ընկերությանը, սա նշանակում է, որ նվազեցվում է այն պարտավորությունը, որ պետք է բաժանորդը վճարի ձեռքբերված էլեկտրաէներգիայի համար։ Այս տարվա ընթացքում ՀԷՑ-ը ավելի քան 170 մլն դրամի չափով փոխհատուցել է բաժանորդներին: Սա մեծ թիվ է, որի մեջ ընդգրկված է նաև այլ ընկերությունների գործունեության հետևանքով առաջացած վթարների ծախսերը: Ներկայում քննարկվում են մեխանիզմներ, որ եթե այլ ընկերության պատճառով հոսանքազրկում է եղել, որը ժամանակին հնարավոր չի եղել վերացնել, ապա պատասխանատվություն կրի վնաս տվող ընկերությունը»,- ասել է Կարեն Հարությունյանը։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է նաև 2016-ից 2024 թվականի ավարտը նախատեսված ներդրումային ծրագիրը, որն ուղղված է բաշխիչ ցանցի վերազինմանը: ՀԷՑ-ի տնտեսության արդիականացմանն այդ 8 տարիների ընթացքում ուղղվել է ավելի քան 270 մլրդ դրամ։

Ծրագրի շրջանակում ընկերությունը ներդնում է նաև սմարթ հաշվիչների համակարգ: ՀԷՑ-ն այսօրվա դրությամբ տեղադրել 650 000 սմարթ հաշվիչ: Համակարգին միացված բաժանորդները կարող են առցանց հետևել հաշվիչի ցուցմունքներին:

ՀԷՑ-ն իրականացնում է նաև Երևանի բաշխիչ ցանցի վերակառուցում։ Մասնավորապես, կարդիականացվի Փոքր Կենտրոնի էլեկտրամատակարարման ցանցը։

«Այս ծրագիրն արդեն հաստատված է, բառացիորեն առաջիկա օրերին սկսվելու է դրա իրագործումը։ Ներդրումների ծավալը կազմում է շուրջ 6,1 մլրդ դրամ։ Ակնկալվում է ունենալ ժամանակակից բաշխման համակարգ, որը հուսով եմ երկար տարիներ հիմնանորոգման կարիք չի ունենա։ Բաժանորդների համար ունենալու ենք բարվոք վիճակ: Այս ծրագիրը շարունակական է լինելու, հաջորդ քայլը կլինի Մեծ Կենտրոնի և Արաբկիրի էլեկտրամատակարարման ցանցն արդիականացնելը։ Սա իրականացնելու համար պահանջվելու է շուրջ 2-ից 3 տարի, սա այն դեպքում, երբ բոլոր շինթույլտվությունները, հողհատկացումներն իրականացվեն սովորականից շատ ավելի արագ»,- նշել է Կարեն Հարությունյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաև ՀԷՑ-ի՝ առաջիկա տասը տարիների՝ 2024-2034 թվականների ներդրումային ծրագիրը, որի արժեքը ավելի քան 305 մլրդ դրամ է: Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի և սմարթ հաշվիչների ներդրմանը:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերության ներդրումային ծրագրերն այնպես են նախագծվել, որ էական ազդեցություն չունենան սակագնի վրա:

Alpha News