Արա ՂԱԶԱՐՅԱՆ․ ՍԴ-Ն ԱՍՈՒՄ Է` ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՂՎԱԾՔ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հարցազրույց է անցկացրել հայտնի իրավաբան Արա Ղազարյանի հետ: Հարցազրույցի ընթացքում քննարկվել է Սահմանադրական դատարանի վերջին որոշումը հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ: Արա Ղազարյանը մանրամասն ներկայացրել է որոշման իրավական կողմերը, դրա հնարավոր հետևանքները և մեկնաբանել է Անկախության հռչակագրի ու Սահմանադրության միջև առկա հարաբերությունները:
- Պարոն Ղազարյան, հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը հանրային-քաղաքական շրջանակները մեկնաբանում են տրամագծորեն տարբեր: Մի մասի համար սա տրամաբանական և Սահմանադրության ոգուց բխող որոշում է, մյուսները կարծում են, որ ՍԴ-ն տուրք է տվել օրվա քաղաքական իշխանության դիրքորոշմանը, որի նպատակն է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի առաջ մղումը: Դուք ի՞նչ կարծիքի եք:
- Ես կարող եմ այս որոշման իրավական կողմի մասին խոսել: Սահմանադրական դատարանն ասում է, որ ժողովուրդը 1995 թվականին որոշում կայացրեց ընդունել Սահմանադրություն, իսկ ժողովուրդը սահմանադիրն է, որով առաջացավ խզվածք Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև: Հռչակագրում որոշ սկզբունքներ կամ նորմեր անցան Սահմանադրության մեջ, որը ճիշտ է, բայց որոշ սկզբունքներ, օրինակ՝ Հռչակագրի նախաբանում գրված Հայաստանի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին դրույթը որպես դրույթ չմտավ 1995 թվականի Սահմանադրության բուն տեքստի մեջ:
Այն չմտավ նաև 2005 թվականին, ինչպես նաև 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների մեջ: Այսինքն՝ այդ կետը չի հայտնվել Սահմանադրության տեքստում ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: ՍԴ-ն ասում է, սա իրողություն է, և ուղղակի մեկնաբանում է այն, քանի որ իրենից առաջ ոչ ոք դա չի արել: Ըստ ՍԴ-ի մեկնաբանության՝ տեղի է ունեցել խզվածք Սահմանադրության և Անկախության հռչակագրի միջև, և դա արել է ժողովուրդը՝ սահմանադիրը: Ուստի եթե արել է ժողովուրդը, ապա արել է այն գիտակցությամբ, որ անպայման չէ Անկախության հռչակագրի բոլոր կետերն ամրագրվեն Սահմանադրության մեջ:
- Մեկ րոպե, մեզ մշտապես ասել են, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության մաս է: Ստացվում է, այդպես չէ՞:
- ՍԴ որոշման մեջ ասվում է, որ Անկախության հռչակագիրը մեզ օգնել է 1990-1995 թվականներին երկրում պահպանել անվտանգություն, կայունություն, որպեսզի պետական մարմիններն աշխատեն մինչև Սահմանադրության ընդունումը: Այսինքն՝ ՍԴ-ն հանգեցնում է այն գաղափարին, որ Հռչակագիրը պատմական, էպիկական փաստաթուղթ է, որի ոչ բոլոր կետերն են, որ պետք է արտահայտվեն Սահմանադրության մեջ: Հետո ՍԴ-ն իր ասածը մեկնաբանում է և տեքստային մեկնաբանության մեջ, այսինքն՝ համեմատում է տեքստը, և հետագայում դատական պրակտիկայով, այն է՝ ՍԴ տարբեր որոշումներով: Փաստացի ասում է, Անկախության հռչակագրի որոշ կետեր նորմատիվ բնույթ են կրել՝ անցնելով Սահմանադրություն, իսկ կոնկրետ այդ կետը չի ցանկացել հստակ ամրագրել որպես նորմատիվ բնույթի սկզբունք, որ հետագայում մեր երկիրը կառավարենք դրա լույսի ներքո:
Սա ՍԴ մեկնաբանության էությունն է, իրականում սա տեքստուալ մեկնաբանություն է: Սակայն իրավաբանության մեջ բացի տեքստուալ մեկնաբանությունից կա ռեալիզմ, օրիգինալիզմ և այլն: Այս դեպքում իմ տպավորությունն այն է, որ ՍԴ-ն ասում է՝ ես նոր բան չեմ ասում, ժողովուրդն ամեն բան ասել է՝ ընդունելով այս սահմանադրությունն ու դրա փոփոխությունները:
- Ստացվում է ՍԴ-ն իր վրայից պատասխանատվությունը գցո՞ւմ է:
- Իրականում, Սահմանադրական դատարանը պատասխանատվության տակ մտնում է, սակայն տեքստուալ մեկնաբանություն է անում: Ասում է՝ Հռչակագրի շատ նորմեր կան Սահմանադրության մեջ, բայց Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ որևէ նորմ չկա Սահմանադրության մեջ: Ժողովուրդն այդպես է արտահայտել իր կամքը: Ես որպես իրավաբան կասեմ, որ ՍԴ-ն պետք է մեկնաբաներ նաև օրիգինալիզմի տեսանկյունից: Այսինքն՝ բացահայտեր սահմանադիրի՝ ժողովրդի առաջնային կամքը:
- Պարոն Ղազարյան, այս որոշումն ՀՀ Սահմանադրությունը փոխելու և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն այնտեղից հեռացնելու մասին պաշտոնական Բաքվի պահանջին պատասխա՞ն է: Փաստացի Սահմանադրական դատարանի որոշման մակարդակում արձանագրվում է, որ Սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին դրույթ չկա, որի հեռացման մասին խոսում են Ադրբեջանի իշխանությունները:
- Կարծում եմ, առաջիկայում մենք աստիճանաբար կլսենք մեկնաբանություններ, որ ՍԴ որոշման համաձայն Հռչակագրի այն կետը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ոչ թե նորմատիվ, այլ սիմվոլիկ բնույթ ունի: Հետևաբար դա պատասխան է ադրբեջանական պահանջներին, որ պետք է փոխեք Սահմանադրությունը: Հիմա ասվելու է, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, քանի որ ՍԴ-ն արդեն մեկնաբանել է, գնդակն Ադրբեջանի դաշտում է: Դրա համար Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջ, որը վերաբերում է պատերազմի գերիներին և պատժել հանցագործներին: Սա իրականում սև խոռոչ է և հսկայական աշխատանք ու ժամանակ է պահանջելու:
Սրա համար առնվազն 30-40 տարի է պետք լինելու: Արգենտինան մինչև հիմա 1980-ականների մարդկության դեմ կատարած հանցագործություններն է քննում անցումային արդարադատության մեխանիզմներով: Դեռ այդ ճանապարհի վրա է այդ երկիրը: Իսկ իրականում Բաքուն, որ ամեն անգամ նոր պահանջներ է առաջ քաշում, ուղղակի նպատակ ունի չստորագրել Խաղաղության պայմանագիրը: Սահմանադրության մեջ նշված կլինի Լեռնային Ղարաբաղ թե ոչ, այլևս էական չէ: Իսկ ՍԴ որոշումն ուղղակի Հայաստանի պատասխանն էր ՀՀ սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջին:
- Դուք խոսեցիք օրիգինալիզմի հիմքով ՍԴ-ի հնարավոր մեկնաբանության մասին, բայց չշարունակեցիք: Ասեք, խնդրեմ՝ ինչի՞ մասին է խոսքը:
- ՍԴ-ն կարող էր մեկնաբանել այլ կերպ՝ օրիգինալիզմի դիրքերից: Օրինակ՝ ժողովուրդը եթե չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի անկախությունից, իսկ մենք տեսնում ենք, որ դա այդպես է, քանի որ Հայաստանը մշտապես օգնել է Ղարաբաղին, այն եղել է բանակցություններում, անկախության հարցը բարձրացվել է: Ուստի սահմանադրի, այն է՝ ժողովրդի առաջնային կամքն է եղել, որ Արցախի անկախությունը պետք է արտահայտված լիներ Հայաստանի սահմանադրական կարգում: Սա է օրիգինալիզմը, երբ նայում ես ոչ թե Սահմանադրության բուն տեքստին, այլ ոգուն: Մեկնաբանության տարբեր հնարքներ ու սկզբունքներ կան:
Օրինակ` ես էլ դուք էլ ապրելով Հայաստանում կարող ենք ասել, որ ժողովուրդը երբեք չի հրաժարվել Արցախի անկախության գաղափարից: Որևէ մեկն ի պատասխան կարող է ասել՝ այո, և այդ գաղափարը կարելի է առաջ տանել Սահմանադրության երկրորդ բաժնում: Այն է՝ մարդու իրավունքների տարբեր բանաձևերով, որն այդպես էլ կա: Կա Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիր, որը և Հայաստանը, և Ադրբեջանը ստորագրել են: Այդ դաշնագրի առաջին հոդվածում ասվում է, որ ժողովուրդներն իրավունք ունեն անկախանալու: Անկախության տակ տարբեր բաներ կարելի է հասկանալ՝ անկախանալ և միանալ այլ պետության, ամբողջությամբ անկախանալ և այլն:
Մարդու իրավունքի բանաձևով ես կարող եմ պնդել, որ Արցախի անկախության գաղափարն ամրագրված է մեր սահմանադրության մեջ, բայց տեսեք՝ ես մեկնաբանում եմ: Իմ մեկնաբանությունն արժեք չունի, քանի որ մենք ունենք ՍԴ որոշումը: