ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցե՞ն սահմանազատման կանոնակարգի քննարկմանը
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։
Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հաստատեց՝ նշելով, որ ԱԺ-ն ստացել է կանոնակարգը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց՝ տեղյակ չի, որ արդեն ուղարկվել է ԱԺ.«Կգա Աժ, կքննարկենք, կորոշենք։ Այն, որ դրան մեր կողմից ի սկզբանե բացասական գնահատական է տրվել, ամեն ինչ ասում է»։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ դեռ չեն քննարկել՝ առաջիկայում կներկայացնեն, թե ինչ ձևաչափով են մասնակցելու քննարկումներին։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց՝ իրենց խմբակցությունը հանձնաժողովների նիստերին չի մասնակցում, հետևաբար, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցի քննարկումն էլ բացառություն չի լինի։
«Իսկ հարցի վրաբերյալ մեր խմբակցության դիրքորոշումն արտացոլված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ, որը տարածել էինք մինչև ՍԴ որոշման հրապարակումը։ Թե ինչպես կմասնակցենք լիագումար նիստի քննարկումներին՝ կհայտարարենք։ Սակայն դիրքորոշումը, որը խիստ բացասական է, արդեն հրապարակել ենք»,-ասաց պատգամավորը։