ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ «ՕՐԵՆՔՈՎ» ՔԱՆԴԵԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Իշխանությունների ներկայացրած բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքն ամենավատն է գոյություն ունեցողներից։ Այս մասին հայտնել է Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի նախկին պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում։
Հակոբյանի խոսքով՝ դրա ընդունման դեպքում կքայքայվի բարձրագույն կրթության ամբողջ համակարգը։ «Երբ իշխանության էին գալիս, խոսում էին «բուհերի հարյուր տոկոսանոց ինքնակառավարման մասին»։ Այն, ինչն այժմ առաջարկվում է, գործողից շատ ավելի վատն է»,- ընդգծել է Հակոբյանը՝ բացատրելով, որ խոսքը հոգաբարձուների խոհրդում քաղաքական ուժերի մասնակցության մասին է։ Նրանց դերն էապես կբարձրանա, իսկ ահա ուսանողների մասնակցությունը կտրուկ կնվազի։ Միևնույն ժամանակ, նախագծի դրույթները հստակ չեն և հակասական են։ «Բաժանիր և տիրիր»՝ այս սկզբունքով են իշխանությունները ղեկավարվում նաև այստեղ։ Ստեղծվում է իրավիճակ, երբ ինքնակառավարման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Հակոբյանը։
ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը նշել է, որ իշխանություններն ազգային ամեն ինչին վերաբերվում են այնպես, ինչպես թուրքերը խոզի մսին։ «Այս դեպքում «ազգային» բառին ԳԱԱ անվանման մեջ։ Գաղափարն այն է, որպեսզի քանդվի ԳԱԱ-ն, այնտեղից հանվեն բոլոր գիտական կազմակերպությունները, մի մասը միացնել բուհերին և դրանք անվանել համալսարաններ։ Բայց այդ գիտական հաստատություններն էլ, դատելով օրինագծից, երկար չեն դիմանա, որովհետև ենթադրվում է բաժանել նաև դրանք «լավերի» և «վատերի»։ Սկզբում իշխանությունները փորձեցին միավորել բուհերը, հետո համոզել գիտական հաստատություններին դուրս գալ ԳԱԱ-ից։ Ըստ էության, դա չհաջողվեց։ Կարճ ճանապարհը օրենքը փոխելն է և ցանկալին «ըստ օրենքի» դարձնելը»,- նշել է Մխիթարյանը։ Նա հիշեցրել է, որ այժմ գործում են ոլորտը կարգավորող մի քանի օրենքներ, դրանք կդադարեն գոյություն ունենալ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ «Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա այն կվերածվի սովորական ֆոնդի։ Օրինագիծը ենթադրում է գիտական աստիճանների չեղարկում, գիտելիքների մասին խոսք չկա։ Հետխորհրդային տարածքի որոշ երկրներ անցել են այդ ճանապարհը։ Վրաստանը հրաժարվել է ունեցածից և ընդունել անգլո-սաքսոնական մոդելը։ Դա հանգեցրել է գիտության կտրուկ նվազման։ Վրացի գործընկերները խորհուրդ չեն տալիս գնալ այդ ճանապարհով»,- նշել է Մխիթարյանը։
ԵՊՀ նախկին դոցենտ Մենուա Սողոմոնյանը հիշեցրել է, որ օրինագիծը պարունակում է բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելք Ակադեմիական քաղաքի սահմաններից դուրս, փոխվել է հայեցակարգը, և խստացվել են լիցենզավորման չափորոշիչները։ «Պարզ է, որ բուհերի ճնշող մեծամասնությունը կփակվի ու ուժով կմիավորվի։ Դա կխորացնի մայրաքաղաքի և մարզերի առանց այդ էլ չափազանց անհամաչափ զարգացումը։ Մարզերում կփակվեն 10 բուհեր և 11 մասնաճյուղեր։ 9 հազար ուսանող կզրկվի մարզերում սովորելու հնարավորությունից։ Ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել։ 2 հազար աշխատակիցներ կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջև»,- թվարկել է Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, փորձագիտական կարծիքը նույնպես հաշվի չի առնվել։ «Եթե դրան ավելացնենք ուղղագրական և կետադրական սխալների հսկայական քանակությունը նախագծի տեքստում... ԵՊՀ-ն իր 105-ամյա պատմությամբ, էլիտայի դարբնոցը, կփլուզվի»,- կարծում է Սողոմոնյանը։