Լավրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները պատերազմն ավարտելու դիմաց
Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրվել են երկրի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek-ի հարցազրույցում։
Նա նաև հիշեցրել է Կիևից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնավորապես, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերման և այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի արտաբլոկային և միջուկազերծ կարգավիճակը, ինչպես նաև երկրի ապառազմականացումն ու ապազգայնականացումը։
«Կիևն այս հայտարարությանը պատասխանել է օգոստոսի 6-ին Կուրսկի մարզ ներխուժմամբ։ Նրա հովանավորները՝ ԱՄՆը և ՆԱՏՕ մյուս երկրները, ձգտում են ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։ Այս պայմաններում մենք այլ ընտրություն չունենք՝ մեր հատուկ գործողությունը այնքան ժամանակ շարունակելուց բացի, քանի դեռ Ուկրաինայի սպառնալիքը չի վերացվել»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ պատերազմն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի համար « իր ժողովրդի և անվտանգության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանությունն» է։ Ընդ որում, նա դժգոհել է, որ ամեն անգամ, երբ Մոսկվան բոլորին ձեռնտու համաձայնագիր է կնքում, «Կիևը և նրա տերերը նահանջում են»։ Նա որպես օրինակ բերել է Մինսկի համաձայնագրերը, որոնք արժանացել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանությանը, ինչպես նաև Ստամբուլում 2022թ. մարտին նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։
«Խաղաղության վերականգնումը չի մտնում մեր հակառակորդի պլանների մեջ։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին չի չեղարկել Մոսկվայի հետ բանակցությունների արգելքի մասին իր հրամանագիրը։ Վաշինգտոնը և նրա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները քաղաքական, ռազմական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Կիևին, որպեսզի պատերազմը շարունակվի»,- ասել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ քննարկվել է, որպեսզի Ուկրաինայի ԶՈւ-ին թույլ տրվի մեծ հեռահարության արևմտյան հրթիռներով խփեն ռուսական տարածքի խորքին։
«Կրակի հետ խաղն» այսպիսով կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։ Ինչպես հայտնել է նախագահ Պուտինը, մենք համարժեք որոշումներ կընդունենք՝ ելնելով Արևմուտքի կողմից սպառնալիքի մերը նկալումից։ Եզրակացությունները դուք պետք է անեք»,- ամփոփելէ ՌԴ արտգործնախարարը։
News.am