«ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ԱՆԴՈՆ» ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ…
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը դեռևս հրապարակված չէ, իսկ քաղաքական շրջանակներում արդեն շրջանառվում են այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մատուցմամբ իրականացված կադրային ջարդի մանրամասները։ Ռեժիմի վերնախավի կադրային քաղաքականության վրա նրա ազդեցությանը կարող է նախանձել Փաշինյանի ականջին շշնջալու հնարավորություն ունեցող յուրաքանչյուր ոք։
Վերջերս հայտնի դարձավ, որ Ա.Քոչարյանը զանգահարել էր Գրիգոր Մինասյանին (վերջինս դեռ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը)՝ քրեական պատիժների իրականացման ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին աշխատանքից անհապաղ հեռացնելու պահանջով: Մինասյանը պատասխանել էր, որ Գրիգորյանը լավ է կատարում իր պարտականությունները, ուստի հեռացման ենթակա չէ, ինչին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն արձագանքել էր սպառնալիքով. «Եթե չհանես Ամբակումին, հալդ կտենաս»։
Մինասյանը չհնազանդվեց և որպես պատիժ ստացավ ՔՊ խմբակցության պատգամավորների ստորագրահավաքը՝ իր հրաժարականի պահանջով։ Ա.Քոչարյանի ուղղորդմամբ նախաձեռնությունը գլխավորում էր պատգամավոր Արփի Դավոյանը։ Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից, մինչ այդ աշխատանքից հեռացել էր նրա տեղակալ Սիրվարդ Գևորգյանը, իսկ հոկտեմբերի 2-ին հեռացավ Գրիգորյանը: Դատելով ամենից, Քոչարյանի ազդեցությունը կադրային քաղաքականության վրա անսահման է, պատահական չէ, որ կողասրահներում նրան անվանում են ոչ այլ կերպ, քան «անխորտակելի Անդո»: Նա միակն է «նախկիններից», որ վայելում է Փաշինյանի բացարձակ վստահությունը։ Ա.Քոչարյանը երկար ճանապարհ է անցել քաղաքականության մեջ. 1988թ. աղետի գոտում ՀՀՇ լիազոր ներկայացուցչից մինչև մասնակցություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ՊՆ-ում տեղի ունեցած սկանդալային նիստին, 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների փաստահավաք խմբից մինչև իշխող վերնաշերտի ղեկավարի վստահված անձի «բարձր» կոչում…
Հիշեցնեմ, որ քննիչ հանձնաժողովի հաշվետու զեկույցը փակ ռեժիմով նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին։ Փաստաթղթի բովանդակությունը բավական ծավալուն է, ՔՊ խմբակցության ներկայացուցիչները բացահայտ չարախնդում են, որ փաստաթղթի հրապարակմանը կհաջորդի զինվորականների դեմ քրեական գործերի տարափ։ Չեմ զարմանա, եթե խոսքը վերաբերի այն զինվորականներին, որոնք մասնակցել են ոչ միայն 44-օրյա պատերազմին, այլև Արցախի ազատագրման և պաշտպանության նախորդ արշավներին. չէ՞ որ Բաքվից օրերս հրահանգ եկավ, թե այդ մարդիկ ենթակա են պատժի…
Վերջերս համընդանուր ու մշտական ուշադրության կենտրոնում է թիկունքի գծով պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։ Մերթ հայտնվում է պայթյունի մասին գործը, իբր՝ ինչ-որ մեկը պայթյուն էր ծրագրել իր տան հարակից տարածքում, բայց սխալմամբ պայթեցրել են հարևանությամբ գտնվող ինչ-որ մեկի տարածքը, մերթ գեներալի թոռը դանակահարում է այն քոլեջի մի ուսանողի, որտեղ ինքն է սովորում, մերթ պատգամավորին դատի են տալիս։ «Արմ հյուպատոս» փաստաբանական գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (2-րդ մաս, 3-րդ կետ) հատկանիշներով: Խոսքը արցախցի հայրենակիցների հասցեին գեներալի կոպիտ հոխորտանքի մասին է։
Սեպտեմբերի 10-ի հարցազրույցում պատգամավորը, անդրադառնալով Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի հետ կապված վեճերին, իրեն թույլ տվեց հետևյալ բովանդակությամբ արտահայտություններ. «Իրենց շենքը էնտեղ ա (Արցախում), իրանք թող ապրեն իրանց համար, թող աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն։ Էս ա խնդիրը», «Արցախը իրանց երկիրն էր։ Արցախը հանձնեցին, էկան էստեղ։ Հիմա թող իրանց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան։ Առանց էդ էլ քսան տարի տանտեր են եղել, դրա համար էս երկիրը էս վիճակին ա»։
Չգիտեմ, թե ինչպիսին կլինի գլխավոր դատախազի արձագանքը, բայց գեներալ Մելքոնյանը շարունակեց Փաշինյանի ավանդույթները՝ բաժանելով հայերին արցախցիների ու հայաստանցիների։ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերի թեժ պահին բարձրախոսով ճղավում էր. «Մենք մեր քաղաքը պետք ա ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։ Այն, որ թիկունքի գծով պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մելքոնյանը բնավ զուլալ հեղինակության տեր չէ, հայտնի է, ինչպեսև այն, որ ՀՀ-ի սահմաններից դուրս նա շահութաբեր բիզնեսներ ունի, և Հայաստանում էլ նրա բիզնեսը ծաղկում է։
Սի՞թե տարօրինակ չէ, որ դատափետելով ՀՀ նախկին ղեկավարությանը՝ Փաշինյանի թիմակիցները մինչ օրս չեն անդրադարձել թիկունքի գծով պաշտպանության նախկին փոխնախարարի ունեցվածքին: Դա տեղի չունեցավ նույնիսկ այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի լուր ամենքի սրտաճմլիկ պատմեց, թե ինչպես էր ինքը սովի մատնված ժամկետային ծառայության ժամանակ (ծնողները գիշերները նրա համար ուտելիք էին տանում գերեզմանատուն), հենց այն տարիներին, երբ ԶՈՒ մատակարարմամբ զբաղվում էր գեներալ Մելքոնյանը։ Մի՞թե տարօրինակ չէ, որ Մելքոնյանը մինչև հիմա չի ընկել օրենքի շրջանցումով ձեռք բերված գույքի բռնագանձման հոդվածի տակ։
«Նախկիններից» շատերը հավատարմության երդում տվեցին Փաշինյանին՝ հուսալով փրկել իրենց կապիտալները, բայց արդյունքում հայտնվեցին լուսանցքում և զրկվեցին ունեցվածքի մեծ մասից, բայց Մելքոնյանը Փաշինյանի սրտին առանձնակի թանկ է, չէ որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները Օպերայի և բալետի թատրոնի շենքի հրապարակում վանկարկում էին. «Մանվե՛լ» և «Գագի՛կ», կոչ անելով պաշտպանության փոխնախարար գեներալներին գալ և աջակցել ընդդիմությանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանը չարձագանքեց այդ կոչին և փողոց դուրս չբերեց «Երկրապահ» միության անդամներին, ուստի իշխանությունը զավթելուց անմիջապես հետո Նիկոլը սկսեց հին հաշիվներ մաքրել նրա հետ, իսկ Մելքոնյանն այն ժամանակ հայտնվեց Փաշինյանի հետ նույն բարիկադներում, և դրա համար ներվեցին նրա բոլոր մեղքերը…
Վերջերս Մելքոնյանը իշխանական հեռուստաալիքներից մեկի եթերում Գյուլնազ տատի հեքիաթն էր պատմում, թե ինչպես կարող էր Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ Սամվել Բաբայանը փրկել Արցախը, սակայն նրան թույլ չտվեցին դա անել նախագահ Սամվել Շահրամանյանն ու նրա շրջապատը։ Մելքոնյանն ասաց, որ Բաբայանը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որը նրան խոստացել է պահպանել Արցախի ինքնավար կարգավիճակը: Այդ հարցազրույցից հետո հարցումների տարափ տեղաց համապատասխան ատյանների վրա, թե ո՞վ և ե՞րբ է լիազորել Բաբայանին բանակցել ադրբեջանական կողմի հետ։ Հատկապես ո՞վ է նրան կարգավիճակ խոստացել Արցախի համար։
Մելքոնյանը մի ամբողջ շարք փաստարկներ բերեց այն բանի օգտին, թե Բաբայանը կարող էր փրկել Արցախը, բայց նրան խանգարեցին, սակայն մենք չենք վերապատմի այդ փչոցները, իսկ պատկերն ամբողջացնելու համար կհիշեցնենք, որ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից հետո (1993թ.ապրիլի 1) ստանձնել է հյուսիս-արևմտյան զորախմբի հրամանատարությունը։ Խումբը մասնակցել է Օմարի ազատագրման գործողությանը։ Այն ժամանակ Մելքոնյանը դեռ գեներալ-լեյտենանտ չէր, չուներ պաշտոն, փողեր, շարժական ու անշարժ գույք: Այն ժամանակ հակառակորդի ճնշման տակ հյուսիս-արևմտյան խմբավորումը կորուստներով նահանջել է Թարթառ գետից արևմուտք՝ փորձելով ամրանալ Վարդենիսի շրջանի թիկունքային պաշտպանական դիրքերում։ Հայկական ուժերի ժամանակավոր ձախողման պատճառով հակառակորդը իր ձեռքն է առել ռազմավարական նախաձեռնությունը ռազմաճակատի այդ հատվածում։ Այդ մասին գրված է Սամվել Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են» գրքի 150-րդ էջում:
«Նախկինների» համատեքստում մենք միտումնավոր չհիշատակեցինք Սասուն Միքայելյանին։ Այդ պարոնը վերջին շրջանում հեռացել է ընթացիկ քաղաքական իրադարձություններից և նույնիսկ ԵԿՄ-ում նրա ակտիվությունը հասել է զրոյի։ Միքայելյանի մասին հիշատակում են միայն պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի դեմ մշտական պայքարի համատեքստում։ Կոտայքի մարզում ազդեցության ոլորտների համար Միքայելյանի և Պետրոսյանի պայքարը վաղուց արդեն արածարծվում է ԶԼՄ-ներում։ Ցուցանշական է, որ վերջին շրջանում Պետրոսյանի գլխավերևում նույնպես ամպեր են կուտակվել…