ՔՊ-Ն ԴԺԳՈՀ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի մտերմությունից, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ ՔՊ պատգամավորները կուլիսային զրույցներում դժգոհել են, որ Փաշինյանը վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձնում Խաչատուրյանին, որը, նրանց կարծիքով, «փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց և Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որևէ այլ գործառույթ չի կատարում»։

«Փաշինյանը ոչ հրապարակային, առանձին հանդիպումներ է ունենում նախագահի հետ, նրա հետ կարևոր հարցեր քննարկում, հաճախ խորհրդատվության համար է դիմում Խաչատուրյանին, սակայն իր հարազատ խմբակցությանը վերաբերվում է որպես հավաքական անկարողների: Կարճ ասած՝ ակնհայտ ցույց է տալիս թիմակիցներին, որ որքան էլ դժգոհեն Խաչատուրյանից, միևնույն է՝ չի հեռացնելու նրան»,- մեջբերում է լրատվականը աղբյուրի խոսքերը։

Թերթը հավելել է, որ ՔՊ-ն այդ մտերմությունը պայմանավորում է նրանով, որ Խաչատուրյանը, թեև թղթով իշխող կուսակցության անդամ չէ, բայց «ողնուծուծով ՔՊ-ական է, ու Փաշինյանի ասածը նրա համար սուրբ օրենք է, որից շեղվել չի կարելի»:

«Խաչատուրյանը երկրում կատարվող կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ չունի սեփական տեսակետը, շարժվում է այնպես, ինչպես Փաշինյանը կասի, և առանց երկմտելու ու բովանդակության մեջ խորանալու՝ դակում է կառավարությունից իրեն ուղարկված ցանկացած փաստաթուղթ՝ կլինի դա նոր նշանակում, պաշտոնանկություն, թե միջազգային որևէ կարևոր փաստաթուղթ»,- եզրափակել է թերթը։

Խաչատուրյանը ՀՀ նախագահ է նշանակվել 2022 թվականի մարտի 3-ին։

Armenia Today