Բագրատ Սրբազան․ Պահանջում ենք Փաշինյանի դեմ քրգործ հարուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ:
Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը, միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում:
Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,-ասաց նա։
«Մեր այստեղ գտնվելու պատճառը հենց դա է. գործընթաց սկսելու առաջին հերթին հանցակից լինելու Արցախի հանրապետության ու Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանության գործիք հանդիսացած Ադրբեջանի կառավարության ու նախագահի հանդեպ, նրան հանցակից եղած ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրածի նկատմամբ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով, որ անցած տարի այդ օրերին Արցախի բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման»: