ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԵՂԾԻՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված կան տասնյակ դրվագներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացրել ու դեռ չեն ստացել իրենց պատասխանները, բայց կա մի դրվագ, որի վերաբերյալ քննարկում այդպես էլ տեղի չունեցավ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում։ Խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի հաստատման պայմանավորվածության չկատարման մասին է։
2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի միջնորդությամբ և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի մասնակցությամբ ձեռք բերվեց հրադադար հաստատելու պայմանավորվածություն։ Հանդիպման ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը և ասաց․ «Կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից մարդասիրական նկատառումներով ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ»:
Հրադադարի հաստատումից ուղիղ երկու րոպեց անց՝ ժամը 12։02-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․ «Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ»։
Այս հայտարարությունից միայն 15 րոպե անց՝ ժամը 12։17-ին, Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց, որ Կապան քաղաքին հարված չի եղել․ «Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է։
Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Կա մեկ զոհ»։
Թվում է, թե Արծրուն Հովհաննիսյանն իր այս գրառմամբ փորձել է ուղղել իր կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, սակայն իր բնորոշմամբ՝ ուղղումն իր մեջ ևս կեղծ տեղեկատվություն է պարունակել։ Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի մոտակայքում եղել է ՀՀ ՊՆ ՀՕՊ համակարգ, որին Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ի միջոցով հարված եղել է ոչ թե հոկտեմբերի 10-ին ժամը 12-ին հաստատված հրադադարից հետո, այլ հրադադարից գրեթե 2 ժամ առաջ՝ առավոտյան 10։10 րոպեին։ Այդ դրվագը ֆիքսված է տեսախցիկների կողմից, և տեսանյութը ժամանակին տարածված է եղել համացանցի հայկական տիրույթում։
Այս փաստերն ունենալով՝ միայն այս դրվագի մասով մի քանի հարցեր են առաջանում․
1․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանը հրադադարի հաստատումից 2 րոպե անց տարածել կեղծ տեղեկատվություն Կապան քաղաքին հասցված հրթիռային հարվածի, զոհերի և վիրավորների մասին։ Սա հատկապես հետաքրքրական է, երբ որևէ այլ դեպքում պատերազմի օրերին հայկական կողմն այդքան արագ զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չէր տարածել։
2․ Արդյոք Արծրուն Հովհաննիսյանի կողմից տարածված այդ կեղծ տեղեկատվությունն առիթ չի՞ հանդիսացել «պատասխան» հարված հասցնելու համար, որն արդեն իրականում ի չիք է դարձրել ռուսական միջնորդությամբ հրադադարի հաստատումը։
3․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանն իր կողմից կեղծ տեղեկատվության տարածումից միայն 15 րոպե անց հերքում այն և ինչո՞ւ էր հերքման մեջ կրկին կեղծում իրականությունը և առավոտյան տեղի ունեցած ԱԹՍ-ով հարվածը ներկայացնում որպես հրադադարից հետո կամ առնվազն դրանից րոպեներ առաջ արձանագրված հարված։
Այս հարցերը շատ կարևոր մի դրվագի բացահայտման համար ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Սրանք հարցեր են, որոնք ինչ-որ մի օր իրենց պատասխաններն ստանալու են, իսկ հիմա կարևոր էր դրանց ձևակերպումն ու բարձրաձայնումը։
Հ․Գ․ Նկատենք, որ մեկ անգամ էլ հոկտեմբերի 19-ին է տապալվել ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումը։ Այս անգամ արդեն Փաշինյանը մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։
Բորիս Մուրազի, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ