Մետաքսե Հակոբյան․ Մի տարի առաջ կիսասոված էինք Արցախում, բայց գիտեինք՝ ինչի համար ենք պայքարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.09.2023 թվական... այնպիսի իրավիճակում էինք, որտեղից իրականում որևէ մեկը փրկվելու հույս չուներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբեևրի 9-ին, Գլխավոր դատախազության դիմաց «Սրբազան շարժման» ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 

Նա նշեց, որ շուրջ 10 ամիս շրջափակված Արցախում վերջին օրերին այլևս բացակայում էր հացը, սնունդը, երեխաների համար արդեն նախաճաշի համար որևէ սնունդ չկար։

«Շատ դեպքերում երեխաները կիսասոված, լրիվ սոված գնում էին դպրոց։ Բայց մենք գիտակցում էինք, որ դա մեր պայքարի ձևն է։

Սեպտեմբերի 19-ի ժամը մեկն էր, իմ երեխաներն էլ մյուսների երեխաների նման դպրոցում էին։ Հնչեցին պայթյուններ հենց Ստեփանակերտում։ Խուճապ սկսվեց։ Այն, ինչ հետո տեղի ունեցավ, ամենասարսափելին է։ Ես էլ մյուս մայրերի նման կորցրել էի իմ երեխաներին։ Իրար հետ հաղորդակցվելու որևէ տարբերակ չկար։ 4-5 ժամ հետո իմ երեխաներին հայտնաբերեցինք, շատերը իրենց երեխաներին մեկ օր չէին գտնում։ Այդ օրը զոհվեցին երեխաներ»,- պատմեց Մետաքսե Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն այևս անթաքույց, ի ցույց աշխարհի, ակաբեկում և սպանում էր հայի մի հատվածին հենց իրենց բնօրրանում. «Դա անում էր առանց թաքցնելու։ Արցախն Ադրբեջանին պետք էր առանց հայերի։

Սա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդության դեմ։ Այս ոճրագրոծությունը պետք է դատապարտվի, մեղավորները պետք է պատժվեն, հակառակ դեպքում հանցագործը, անպատժելիության վայելքից արբեցած, գազազած, շարունակելու է նույնը անել, ցավոք, հայ ժողովրդի մնացած հատվածի նկատմամբ։

Քանի դեռ հստակ գնահատակ չի տրվել Հայաստանից և այն չի որակվել որպես ցեղասպանություն, մեղավորները չեն դատապարտվել, պատժվել, մեր փոխարեն որևէ մեկը դա չի կարող անել»։

News.am