Սրբազան․ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում Բաքվի բանտերի մեր հայրենակիցների իրավունքները

Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն էր ստանձնել լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, սակայն իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,-ասաց Սրբազանը։

Նրա խոսքով՝ երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի կանխվել ու գնահատական չի տրվել։

«Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար։

Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության Անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Aysor.am