Դիլիջան-Երևան երթուղու «ԳԱԶԵԼ»-ը, մի քանի պտույտ շրջվել է և կողաշրջված հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, դեպի Իջևան ընթանալիս մարդատար «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ըստ Shamshyan.com-ի, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի բժիշկները:
Կայքի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին:
Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մնացածի վիճակը միջին ծանրության է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: