Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՆ ԻՋԵԼ

Նիկոլը շարունակում է իր արտաքին քաղաքական մանր ավանտյուրաների տիրույթում գտնվել վաճառել պետության շահերը՝ թքած ունենալով պետության ապագայի վրա. Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀՀԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։

«Նրա համար ընդամենը մեկ կարևոր խնդիր է դրված՝ իր կործանիչ աթոռը հնարավորինս երկար պահել իր տակը, որովհետև եթե կորցնի աթոռը, հասկանում է, որ կորցնելու է ազատությունը և, ընդհանրապես, ամեն ինչ։ Հետևաբար, երեկ Նիկոլը թունդ պրոռուս էր, վաղը կլինի թունդ պրոամերիկացի, հետո՝ Մեծ Բրիտանիայի շահերի թունդ պաշտպան, մյուս օրն էլ թունդ թուրքամետ է լինելու, ու այսպես շարունակ։ Մեծ հաշվով՝ դրանից շահում են միայն Թուրքիան ու Ադրբեջանը»,-ասաց նա։

Թե ինչ մեսիջ ուղարկեց Փաշինյանը Մոսկվայից հայ ժողովրդին՝ Զաքարյանն արձագանքեց. «Բացարձակապես ոչ մի մեսիջ, ևս մեկ անգամ արձանագրվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են իջել, և ՌԴ-ին բոլորովին չեն հետաքրքրում ՀՀ-ի պրոբլեմները, իսկ ուրիշ ոչ մի աջակից, ոչ մի գործընկեր, երաշխավոր ՀՀ-ի անվտանգության համար ուղղակի գոյություն չունի»,-նկատեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ են ստորագրել խաղաղության փաստաթուղթն արդեն այս ամիս՝ Զաքարյանը նշեց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանը հենց այնպես չի ստորագրելու, և պարզ է չէ, թե հակառակ դեպքում որը կլինի դրա գինը։

«Եթե ինչ-որ բան ստորագրվի՝ կա՛մ ստորագրվելու է ինչ-որ դատարկ թուղթ՝ վրան գրված «խաղաղություն», որը ոչ մի բան չի նշանակելու և որն Ադրբեջանին ոչ մի բանով չի պարտադրելու, ցանկացած պահի կարող է այդ թուղթը պատռել, դեն շպրտել և հերթական ագրեսիան իրականացնել, դա Նիկոլին պետք է, որպեսզի այս խեղճուկրակ ժողովրդին հերթական անգամ խաբի, կա՛մ էլ՝ ոչինչ չի ստորգրելու, ինչն ավելի հավանական եմ համարում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հերթական պնդմանը, թե ՀՀ-ն պատրաստ է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրել ՀՀ ինքնիշխանության սահմաններում՝ Արտակ Զաքարյանն արձագանքեց.

«Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, այդ գաղափարը պետք է սպանել միջազգային հարաբերություններում, թույլ չտալ՝ Ադրբեջանը, Թուրքիան կամ որևէ այլ երկիր Հայաստանի տարածքն ի նկատի ունենալով՝ խոսի որևէ տեսակի միջանցքի մասին։ Իսկ Նիկոլը վաղուց է խոսում, որ ապաշրջափակմանը ՀՀ-ն կողմ է, բայց, ինչպես տեսնում եք, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին այդ հավաստիացումները հետաքրքիր չեն, որովհետև գիտեն, որ նրա խոսքերը զրո կոպեկի արժեք ունեն։ Խնդիրը մեր փոխարեն լուծում են անգլիացիները, ամերիկացիները, ռուսները, թուրքերն ու պարսիկները։ Սա է Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը. իրեն ծաղրածու տիկնիկի նման տանում նստացնում են այնտեղ, ինչ-որ հայտարարություն է անում, բայց դա գրոշի արժեք չունի միջազգային հարաբերություններում»։

Մեր զրուցակիցը նկատեց, որ միակ լուծումը այս իշխանությունների հեռացումն է։ «Մեր խնդիրները Նիկոլի Մոսկվա գնալ-գալով ո՛չ ավելանում են, ո՛չ պակասում։ Դրանք վաղուց գոյություն ունեն, և ոչ մի լուծում չկա, բացի մի տարբերակից այս իշխանություններից պետք է ազատվել։ Իսկ դրա համար մեր ժողովուրդը պետք է սկսի մտածել»,-եզրափակեց նա։

Aysor.am