Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԵԹԵ ՀՀ-Ն ՀՐԱԺԱՐՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՓԱՍՏԱԹՂԹԻՑ, ԴԱ ԼԵԳԻՏԻՄ ԻՐԱՎՈՒՆՔ Է ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակից, դա ուղիղ լեգիտիմ իրավունք է Ադրբեջանի համար գնալ պատերազմական գործողությունների, և նա դա անելու է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Եթե Հայաստանը թողնում է իր ստորագրությունը, բայց չի աշխատում այս ուղղությամբ, քայլ չի անում, ապա դա կրկին Ադրբեջանի համար լեգիտիմ իրավունք է ցույց տալ ռուսներին և տարածաշրջանի խաղացողներին, որ ես ունեմ լեգիտիմ իրավունք հարցը լուծել ռազմական ճանապարհով, էս մարդն իր ստորագրությունը չի հարգում:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան կետեր, որոնք չեն կատարվել, և Հայաստանի գրագետ մոտեցումն այն պետք է լինի, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի կետերին, որը ենթադրում էր հայությամբ բնակեցված Արցախ, կոմունիկացիաներ և այլն: Հայաստանը պետք է այդ հարցը բարձրացնի, որ այդ փաստաթուղթն իր ամբողջության մեջ է: Երևանը դա էլ չի անում:
Գերիների վերադարձի հարցն էլ մի առանձին խնդիր է: Պետք է հասկանալ, թե ինչու են նրանց տարել Բաքու: Դատավարություններն անպայման լինելու են և դրանք լինելու են անհատական և ազգային ստորացման մի ներկայացում:
Ողբերգություն է, որ Երևանը չունի մշակված սցենար, թե ինչպես է դիմակայելու այդ դատական պրոցեսին: իշխանությունը դա չի անելու, դա իրեն պետք չի: Ուղղակի ինքը դա չի նկատելու, ասելու է՝ դա իմ աղետը չի, ձերն է, այ ժողովուրդ և նախկիններ, իսկ մնացած ընդդիմադիր դաշտը, ինչպես միշտ, անպատրաստ է լիենլու դրան: Մենք ինչպե՞ս ենք սատարելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը»: