FREEDOM HOUSE-Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հոկտեմբերի 8-ին Վարշավայում կայացած կոնֆերանսի ժամանակ Freedom House-ը Լեռնային Ղարաբաղում՝ փաստերի հավաքագրման առաքելության ավարտից հետո ապացույցներ է ներկայացրել այնտեղ տեղ գտած էթնիկ զտումների մասին։
Զեկույցի համաձայն` տեղի հայերի բռնի տեղահանումը Ադրբեջանի կառավարության կողմից նպատակադրված և համաձայնեցված քայլերի հետևանք է։
Freedom House-ը ԵԱՀԿ-ի և կոնֆերանսի մասնակից այլ պետությունների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերը տարիներ շարունակ ենթարկվել են հարձակումների, ստորացումների, զրկվել մարդու պարզագույն իրավունքներից, և ի վերջո՝ բռնի տեղահանման, որ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին։
Այդ գործընթացն աստիճանաբար և հետևողականորեն է իրականացվել Ադրբեջանի կողմից՝ պետական մակարդակով, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար կյանքի այնպիսի պայմաններ էին ստեղծվել, որ նրանց ապրելը Լեռնային Ղարաբաղում դարձել էր անհնար։
Freedom House-ը հարյուրավոր ականատեսների հետ հարցազրույցներ է արել, այլ ուսումնասիրություններ կատարել, որոնք միայն մեկ բանի մասին են վկայում, որ Ադրբեջանը պետական մակարդակով վարել է Լեռնային Ղարաբաղը իր էթնիկ բնակիչներից՝ հայերից ազատելու քաղաքականություն։
Ակնհայտ է, որ հայաթափման գործողությունները նույնպես նպատակաուղղված են եղել և պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված։
Ադրբեջանի կառավարությունը շարունակել է իր հայաթափման քաղաքականությունը՝ անկախ այն բանից, որ իր քայլերը բազմիցս քննադատվել և դատապարտվել են միջազգային տարբեր կազմակերպությունների և կառույցների կողմից։
Հիմնվելով մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի ուսումնասիրությունների, փաստերի հավաքագրման վրա, Freedom House-ը եզրակացրել է, որ բոլոր հիմքերը կան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը որակել որպես էթնիկ զտումներ։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով բռնարարքները բավարար դատապարտում կամ պատժի չեն արժանացել։
Freedom House-ը ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է անում՝
- Քայլեր ձեռնարկել՝ հետաքննելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության հանդեպ իրականացված օրինախախտումները
- Բարեխոսել, որպեսզի ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհուրդը հիմնի մի մարմին, որը կզբաղվի Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոստահարման դեպքերով, հետաքննի բոլոր մշտական խախտումները, և դրանց մասին զեկուցի ՄԱԿ-ի տարբեր մարմինների
- Սատարել միջազգային մակարդակով կատարվելիք քայլերը, որոնք դատապարտելու են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հանդեպ իրականացված բռնարարքներն ու հանցագործությունները։
- Ադրբեջանի կառավարությանը կոչ անել անվնաս ճանապարհ ապահովել Լեռնային Ղարաբաղի այն հայերի համար, ովքեր կցանկանան այցելել իրենց տները և իրերը հավաքել, ինչպես նաև հայերին իրավունք տալ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ միջազգային դիտորդների հսկողության ներքո
- Միջազգային մոնիտորինգ իրականացնող կազմակերպություններին հնարավորություն տալ հետաքննել Լեռնային Ղարաբաղի և նրա կից տարածքների մշակութային հուշարձանների վիճակը
- Զերծ մնալ հայերի հանդեպ բռնություն քարոզող արտահայտություններից
Ադրբեջանին կոչ է արվել նաև քաջալերել և աջակցել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի ապացույցների և փաստերի հավաքման աշխատանքներին՝ ապահովելով, որ բոլոր բռնարարքները գրանցվեն և վերլուծվեն։
Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ArmRadio.am