«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի շուրջ 3 մլն բնակչի առանց հոսանքի է թողել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի շուրջ 3 մլն բնակիչ այս գիշեր մոլեգնած «Միլթոն» փոթորկի պատճառով մնացել են առանց էլեկտրականության։ Այս մասին են վկայում PowerOutage.us մոնիտորինգային հարթակի տվյալները։

ԱՄՆ–ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնի (NHC) տվյալներով` «Միլթոնի» քամու մշտական առավելագույն արագությունը ներկայում մոտ 145 կմ/ժ է, ինչը համապատասխանում է փոթորկի 1-ին կատեգորիային` ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի:

Սոցցանցերում փոթորկի հետևանքներով տեսանյութեր են հրապարակում։ Կադրերից մեկում երևում է, թե ինչպես է քշում–տանում Սանկտ Պետերբուրգի (Ֆլորիդա նահանգ) «Տրոպիկանա Ֆիլդ» մարզադաշտի տանիքը։ Արդյունքում հեղեղվել է 10 հազար մարդու համար՝ աղբահանության աշխատանքների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նախապես պատրաստված բազային ճամբարի տարածքը։

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ փոթորկի պատճառով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենտ Լյուսի շրջանում առնվազն երկու մարդ է մահացել։

«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին նահանգին մոտեցող «Միլթոն» փոթորկի պատճառով հրաման է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին և կարգադրել դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին։ Ակնկալվում էր, որ փոթորիկը կմոտենա Ֆլորիդայի ափերին հոկտեմբերի 9–ին կամ 10–ին` օրվա առաջին կեսին։ Փորձագետները գնահատականներով` Ֆլորիդայի արևմտյան ափին, այդ թվում Տամպայի ծովածոցի շրջանում, «Միլթոնն» ավերիչ ալիքներ կբերի, որոնց բարձրությունը կգերազանցի երեք մետրը:

Արևադարձային փոթորիկին անուն է շնորհվում, երբ այն ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում 62 կիլոմետրի: Որպեսզի փոթորիկը դասվի Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի 1-ին կատեգորիային, որը գնահատում է փոթորկի հնարավոր վնասը, դրա քամու արագությունը պետք է գերազանցի ժամում 120 կիլոմետրը: Եթե ​​քամու արագությունը գերազանցի ժամում 150 կիլոմետրը, փոթորկի կատեգորիան կբարձրացվի մինչև երկրորդ, 180-ը՝ երրորդ, 210-ի դեպքում՝ չորրորդ: Հինգերորդ` ամենավտանգավոր կատեգորիային հասնում է ժամում 250 կիլոմետրից ավելի քամու արագության դեպքում։

Sputnik Արմենիա